երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այս պայքարը համազգային մաքրման հնարավորություն է․ բոլոր բաժանարար գծերը ջնջելու ժամանակն է․ Աշոտյան

Այս պայքարը համազգային մաքրման հնարավորություն է․ բոլոր բաժանարար գծերը ջնջելու ժամանակն է․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․

«Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է:

Քաղաքական չէ`ազգային է:

Եկեղեցական չէ`ժողովրդական է:

Համազգային մաքրման հնարավորություն է:

Երկիրը նիկոլիզմից մաքրելու համար պետք է նախ ինքնամաքրվենք`ստից, կեղծիքից, մեղքերից:

Մենք որպես ժողովուրդ շատ ավելի լավն ենք, քան մեզ թվում է: Քան իշխանությունները մեզ պատկերացնում են կամ ընդդիմությունը, այդ թվում` ես, մեզանով էր բացատրում իր անհաջողությունները: Մենք ժեխ չենք, մենք խեժ ենք`հույսի, սիրո, հավատի և պատվի թանձրուք:

Իրար շատ ենք խաբել, մոլորեցրել, չարացել և չարիք գործել:

Եկել է մաքրվելու ժամանակը: Դեռևս պատերազմից անմիջապես հետո քանիցս ասել եմ, որ իրավիճակը բեկելու համար համազգային խոստովանության և կարգախոսի կարիք ունենք:

Միայն այդպես է հնարավոր կրկին ոտքի կանգնել, չորքոտանուց նորից դառնալ երկոտանի, հորիզոնականից` ուղղահայաց ազգ:

Մենք, որպես ժողովուրդ, բազում մեղքեր ենք գործել ոչ միայն Աստծո և երկնքի առաջ, այլև մեր Հայրենիքի և իրար հանդեպ:

Հայերը չպետք է նմանվեն այն ազգերին, որոնք իրենց մեղքերով իջան պատմության գերեզման:

Բոլոր բաժանարար գծերը ջնջելու ժամանակն է: Ընդամենը մեկ գիծ կա, որ բաժանում է չարը`բարուց, մարդուն`օրգանիզմից, սերը`ատելությունից, և այդ գծի հանդեպ յուրաքանչյուրիս դիրքավորվելու ժամանակն է:

Եկեք քրիստոնեական բարոյականությամբ բոլորս միասին ասենք. Հրաժարվում ենք Նիկոլից և նրա ամբողջ խաբեությունից,  նրա պատրանքներից, նրա խորհուրդներից, նրա ընթացքից, նրա չար կամքից, նրա   չար կամքը կատարողներից, նրա չար սպասավորներից և նրա ամբողջ չար իշխանությունից:

Հրաժարվելով` հրաժարվում ենք:

Այս շարժումը բացառիկ առիթ է դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի, սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից:

Մաքրվենք, որ մաքրենք:

Իսկ ես, թեպետ մարմնով բանտարկված եմ, բայց հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ:

Բագրատ սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի»:

  • Կիսվել: