երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արդյոք Փաշինյանը պատրաստվո՞ւմ է  «հագից հանել» Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը

Արդյոք Փաշինյանը պատրաստվո՞ւմ է  «հագից հանել» Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը

Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգ ասելով նկատի ուներ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով ձևավորվող ՏԻՄ իշխանություններ. մենք այսօր նման բան չունենք: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք սահմանադրական փոփոխությունների ժամանակ իշխանությունը կքննարկի սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու հարցը:

Նրա խոսքով՝ ունեինք ընդդիմություն սուպերվարչապետական համակարգում, որ իր լիազորություններով, գործառույթներով բավականաչափ սահմանափակ էր:

«Ես երբևէ չեմ հիշում, որ ընդդիմությունը ՀՀ նորանկախ պատմության մեջ լինի այնքան ուժեղ, որքան այսօր է: Առանձին գերատեսչությունների առումով նույնիսկ մենք ունենք թեկնածուներ, որոնց առաջադրում է հենց ընդդիմությունը, ինչը նախկինում չի եղել: Այսինքն՝ այն, ինչը մենք անվանել ենք սուպերվարչապետական համակարգ, մենք դրանով բոլորովին չենք սպասում, որ կոնկրետ աշխատանքային խումբ ձևավորվի և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկենք: Ամենօրյա աշխատանքով մենք փորձում ենք հնարավորինս բալանսավորել իշխանությունը և տալ բավականաչափ  լիազորություններ ընդդիմությանը, ինչը արվել է նախորդ տարվա ընթացքում»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը:

Որպես օրինակ նա բերեց այն, որ Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահն ընտրվել է ընդդիմության թեկնածուն, ինչը նախկինում երբեք չէր կարող տեղի ունենալ։

Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստվո՞ւմ է  իր «հագից հանել» Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը, ինչին ի պատասխան Լիլիթ Մակունցը նշեց. «Ես այդ հարցին չեմ անդրադառնա, որովհետև սուպերվարչապետության հարցին արդեն անդրադարձա»։

 

  • Կիսվել: