հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի հարցում ինչ լուծում էլ լինի, դրա մեջ չպետք է լինեն որևէ տեսակի  հիմնական զիջումներ. ՀՅԴ ներկայացուցիչ

Արցախի հարցում ինչ լուծում էլ լինի, դրա մեջ չպետք է լինեն որևէ տեսակի հիմնական զիջումներ. ՀՅԴ ներկայացուցիչ

Իշխանությունների հետ հանդիպման ժամանակ քննարկվող հարցերից մեկը եղել է Արցախի հարցը: Այս մասին այսօր րագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Խաչատուրյանը:

«Այո, խոշոր բաժինը վերաբերում է Արցախյան բանակցային գործընթացին և դրանից անկախ մեր իրականացվելիք աշխատանքների մասին տեղեկատվության փոխանակումն է։ Օրինակ, ինչպես ենք տանում ինքնորոշման իրավունքի շեշտավորումը բոլոր երկրներում, որտեղ ենք թիրախավորում, որ ուղղակի Արցախի ճանաչման աշխատանք տանենք, նաև ինչպես կարելի է օժանդակել Արցախին տնտեսապես, ֆինանսական միջոցներով: Մենք Արցախից ամեն տարի երիտասարդներ ենք ստանում, որոնք աշխատում են մեր հանձնախմբերում, որպեսզի ծանոթանան Հայ Դատի աշխատանքներին»,- ընդգծեց Հակոբ Խաչատուրյանը։

Հարցին՝ ՀՅԴ-ն Արցախի բանակցային գործընթացում այս պահին այն գիծը, որ տանում է  ՀՀ կառավարությունը, ԱԳՆ-ն,  գո՞հ է,  թե՞ տարաձայնություններ ունեն, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչշը պատասխանեց. «Բնական է, որ մանրամասների մեջ կան տարբեր մոտեցումներ, մեր կեցվածքը բավական արմատական է: Բայց նաև կհասկանանք, որպեսզի բանակցությունները տեղի ունենան, Հայաստանի կառավարությանը կամ  որևէ մեկ կառավարության, անհրաժեշտ է այլընտրանքի մասին բանակցել: Չի նշանակում, որ  այդ այլընտրանքներն ընդունելի են, բայց կնշանակի, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների   հսկողության ներքո պետք է այդ բանակցություններն ընթանան»:

Անդրադառնալով Մյունխենում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ քննարկմանը, Հակոբ Խաչատուրյանը նշեց. «Բնականաբար, այնտեղ հնչեցին մի քանի հասկացողություններ, որոնց հետ մենք ունենք անհամաձայնություններ»,- ընդգծեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Նրա կարծիքով, բանակցությունները շարունակական կլինեն։ «ՀՅԴ կեցվածքն այն է, որ ինչ լուծում էլ լինի, դրա մեջ չպետք է լինի որևէ տեսակի  հիմնական զիջումներ: Մենք Ադրբեջանի շահերը  նկատի առնելու պարտավորության տակ չենք»,- ասաց Հակոբ Խաչատուրյանը։

Նա նաև նշեց, որ 2020 թվականն իրենց համար կարևոր տարի է, քանի որ Սևրի համաձայնագրի 100-ամյակն է։ Նրա խոսքով՝ այդ առումով ԱԳՆ-ում հանդիպման ժամանակ Ֆրանսիայում, Սևրում  իրենց կատարելիք աշխատանքների մասին տեղեկություններ են փոխանցել:

«Վաշինգտոնում մեր կազմակերպելիք մեր ձեռնարկների մասին տեղեկություն փոխանցեցինք: Բնականաբար, դրանք աշխատանքներ են, որոնք ավելի հեշտ մենք կարող ենք անել, քան պետությունը, որը մի քիչ զգուշավորություն է ցույց տալիս, քանի որ այնտեղ հողային պահանջատիրության բաղադրիչ: Մեզ համար Սևրը կարևոր պարտամուրհակ է հայ ժողովրդի նկատմամբ, որը պետք է կատարվի երեք կենտրոններում՝ Վաշինգթոն, Փարիզ և Հայաստան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ աշխարհի 20 երկրի ՀՅԴ հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ Երևանում և Ստեփանակերտում մասնակցում են Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին։

 

  • Կիսվել: