շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Արցախի հարցով միջհամայնքային հանդիպումների թեման արհեստածին է․ ՀՀ ԱԳՆ

Արցախի հարցով միջհամայնքային հանդիպումների թեման արհեստածին է․ ՀՀ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղն իր պատմության ընթացքում երբևէ չի եղել երկհամայնքային միավոր: Այս մասին InfoPort-ի հարցմանը ի պատասխան ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով արցախյան հարցով վերջերս շրջանառվող երկհամայնքային բանակցային ֆորմատ (Արցախի հայկական և ադրբեջանական համայնքների միջև) սկսելու լուրերը։

«Անգամ Խորհրդային տարիներին ԼՂ-ն եղել է հայկական ինքնավարություն: Չնայած Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքականությանը՝ փոխելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը՝ ի հաշիվ ադրբեջանցիների վերաբնակեցման, ի դեպ, սա հանգամանք է, որի մասին հանրային կերպով հայտարարել են Հեյդար Ալիևը, և վերջերս հաստատել է Իլհամ Ալիևը, հայերը Լեռնային Ղարաբաղում կազմել են բացարձակ մեծամասնություն: Ուստի միջհամայնքային հանդիպումների թեմայի վերաբերյալ դատողությունները համարում ենք արհեստածին, և դրանք մեկ նպատակ ունեն՝ պայմանականություններ մտցնել Արցախի իշխանությունների՝ խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք կողմ դառնալու հարցում»,- ընդգծել է նա:

Նշենք, որ վերջերս Ադրբեջանը փորձում է արցախյան հարցով առաջ տանել երկհամայնքային բանակցային ֆորմատի թեզը, ինչը արձագանք է գտնում նաև հայկական հասարակական-քաղաքական և լրատվական դաշտում։ Այդ խոսակցությունները հատկապես ակտիվացան, երբ «Իմ քայլը» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը հայտարարեց, որ վարչապետ Փաշինյանը ևս դեմ չի նման ֆորմատին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: