կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Անվտանգության ապահովման ամենաարդյունավետ ֆոնային գործիքը լեգիտիմությունն է. Փաշինյան

Անվտանգության ապահովման ամենաարդյունավետ ֆոնային գործիքը լեգիտիմությունն է. Փաշինյան

Անվտանգության ապահովում ասելով՝ պատկերացնում ենք արտաքին հարաբերությունների բազմազանեցում, բանակի բարեփոխումներ, համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի ներդրում: Այդ մասին մայիսի 7-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ անվտանգության ոլորտի այս թվարկումը, այդուամենայնիվ, համապարփակ չէ:

«Մեր համոզմունքն է, որ անվտանգության ապահովման ամենաարդյունավետ ֆոնային գործիքը լեգիտիմությունն է, այսինքն՝ արտաքին հարաբերությունների բազմազանեցում՝ պարտադիր լեգիտիմության հենքի վրա, որովհետև ոչ լեգիտիմության հենքի վրա այդ հարաբերությունները չեն բազմազանանա երբեք, և երկրորդը՝ բազմազան դառնալու դեպքում էլ չեն ունենա դրական էֆեկտներ անվտանգության ապահովման վրա»,- ասաց նա:

Անդրադառնալով բանակի բարեփոխումներին՝ Փաշինյանը նշեց, որ այս համատեքստում կարելի է բազմաթիվ կոնցեպտներ քննարկել, «բայց եթե բարեփոխումները հիմնված չեն լեգիտիմության վրա, ՀՀ ինքնիշխանության, ինքնիշխան տարածքի անվտանգության ապահովման խնդրի վրա, այդ բարեփոխումները չեն կայանա և տեղի չեն ունենա մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգը կարող է լինել արդյունավետ, երբ այն հիմնվում է էլի լեգիտիմ հենքի վրա, ՀՀ-ի, նրա ինքնիշխան տարածքի, ինքնիշխանության ապահովման անհրաժեշտության և տեսլականի վրա»:

  • Կիսվել: