չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Անհնար է սպասել որևէ ճեղքում մեկ միջոցառումից. Նալբանդյանը՝ հայ ու ադրբեջանցի լրագրողների փոխայցելության մասին

Անհնար է սպասել որևէ ճեղքում մեկ միջոցառումից. Նալբանդյանը՝ հայ ու ադրբեջանցի լրագրողների փոխայցելության մասին

«Բարի Գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կողմից կազմակերպված Սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ հայ և ադրբեջանցի լրագրողների՝ օրերս կատարած փոխայցելություններին, ինչպես նաև այն հարցին, թե արդյոք հետագայում հնարավո՞ր է, որ պատվիրակության կազմում լրագրողներից բացի ընդգրկվեն նաև պատգամավորներ:

Նա ասաց, որ այս ամենը բխում էր պայմանավորվածությունից և քաղաքականությունից, այն է՝ միջավայր ձևավորելու անհրաժեշտություն, քանի որ գործնական աշխատում են խաղաղ գործընթացի ուղղությամբ: «Անհնար է սպասել գործնական առաջընթաց, եթե մենք  չունենք համապատասխան միջավայր։ Սակայն միջավայրն այնպիսին է, որ անհնար է սպասել որևէ ճեղքում կամ որևէ անմիջական արդյունք այս մեկ միջոցառումից»,-ասաց նախարարը:

Մնացականյանը, մասնավորապես, նշեց.

«Շատ էական էր, որ այս ծրագիրը իրականացվում էր լրագրողների մակարդակով. այսինքն այն մարդկանցով, որոնք կարծիք ձևավորող են։ Մեր՝ Հայաստանի կողմից երկու հոգի, երրորդն՝ Արցախից եղան այնտեղ, իրենց մասնագիտական բնագավառի գործընկերների հետ հանդիպեցին։ Չեն եղել որևէ պաշտոնական հանդիպումներ։ Սա ևս մտածված էր, որ նույն երեք հոգին եղան Հայաստանում, նույն հանդիպումներն ունեցան այստեղ, որ կարողացանք համակարգել. մենք կարող ենք այլ հարցերի շուրջ աշխատել։ Մենք ունենք այս արդյունքը: Ես չեմ ցանկանում շտապել, չեմ ցանկանում անմիջապես կառուցել մնացած քայլերը, որովհետև, այո՛, ես դրական եմ գնահատում այս փաստը, որ այն տեղի ունեցավ, որ մենք կարողացանք շատ ողջամիտ ձևով կազմակերպել այն։

Շատ կարևոր է, որ Ադրբեջանի լրագրողները եղան և՛ Հայաստանում, և՛ Արցախում։ Մենք ստեղծեցինք մի նոր բովանդակություն, որը շատ էական է, և ես տեսնում եմ դրականը, որը ցանկանում եմ շատ զգուշորեն օգտագործել, որպեսզի մենք կարողանանք շարունակել շատ կառուցողական շարժվել դեպի այդ կարևոր նպատակը՝ մի միջավայրի ձևավորմանը, այդ թշնամության մակարդակի վերանայելուն, և սա հետևողականություն է պահանջում։ Ձեր ներողամտությունն եմ հայցում, որպեսզի չշտապենք հաջորդ քայլերի ուրվագծման հարցում, և կարողանանք շատ զգուշորեն շարժվել։

Պատգամավորների վերաբերյալ չեմ ցանկանում շատ առաջ անցնել: Պատգամավորները քաղաքական գործիչներ են. արդյո՞ք այդ մակարդակի վրա ենք: Նրանք տարբեր այլ հարթակներում միմյանց հետ առնչություն ունեն, և պետք է ասեմ, որ միշտ չէ, որ այդ առնչությունները եղել են դրական: Գիտենք՝ ինչ փոխհրաձգություններ են եղել և այլն։ Որքանով հնարավոր էր պատրաստել այդպիսի քայլ, ի՞նչ մակարդակով... Լրագրողական, փորձագիտական մակարդակը, իմ կարծիքով, բավական լավ, դրական մակարդակ է, որովհետև վերաբերում է այն մարդկանց, ովքեր տեղեկություն ստեղծողն են, ներկայացնում են այն, ինչ տեսնում են, և ունեն իրենց ազդեցությունն այդ առումով։ Ես տեսա դրա դրական կողմը։

Մենք հիմա զգուշորեն վերլուծում ենք, քննարկում ենք, փորձում ենք գնահատել, թե ինչպես լավագույնս օգտագործել սա։ Մեր նպատակը մնում է նույնը։ Մենք բազմիցս խոսել ենք սրա մասին, հետևողականորեն ենք խոսել, ընդգծել՝ որքան կարևոր է այս գործառույթը խաղաղ կարգավորման ամբողջության մեջ»։

  • Կիսվել: