երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Անդրանիկ Քոչարյանը ԱԺ ամբիոնից կոչ արեց իրավապահներին քայլեր ձեռնարկել երկիր վերադարձնել հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաներին

Անդրանիկ Քոչարյանը ԱԺ ամբիոնից կոչ արեց իրավապահներին քայլեր ձեռնարկել երկիր վերադարձնել հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաներին

Այսօր Ազգային ժողովի հայտարարությունների իրեն հատկացված րոպեները ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն օգտագործեց իրավապահ մարմիններին կոչ ուղղելու համար:

«Քայլեր ձեռնարկեք՝ Հայաստան վերադարձնել երկրից հեռացած և մի շարք քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաներին», -դիմելով իրավապահներին ասաց Քոչարյանը:

Նա հստակեցրեց՝ խոսքը Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի, ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի և ՀՀ նախկին գլխավորև դատախազ Գևորգ Կոստանյանի մասին է:

«Դժվար է ասել, թե այս անվանացանկը դեռ ինչքան է համալրվելու, բայց մեկ բան պարզ է՝ այս նախկին պաշտոնյաները պետք է հասկանան, որ ժամանակին նրանց կառավարմանն են հանձնվել բազմաթիվ կարևոր կառույցներ: Խոսքը հատկապես ուժային կառույցների նախկին ղեկավարներին է հասցեագրված: Խուսափելով ներկայանալ ու նախաքննական մարմնի հարցերին պատասխանել՝ այս անձինք ապացուցում են, որ ոչ միայն հենց իրենք են փչացրել իրենց իսկ կողմից գլխավորած կառույցները, այլև միաժամանակ ստվերում են նմանօրինակ պղտոր մթնոլորոտում ժամանակին բարեխղճորեն իրենց ծառայություններն իրականացրած բազմաթիվ պրոֆեսիոնալ կադրերի անցած ուղին: Համապատասխան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն՝ օր առաջ նրանց տուն վերադարձնելու ուղղությամբ, եթե այս անձինք չունեն վերադառնալու կարևորությունն ինքնուրույն գիտակցելու կարողություն»,- հայտարարեց Քոչարյանը: 

  • Կիսվել: