Իհարկե ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում, բայց մեր խնդիրը բակերի մաքրումն է. Ավինյան
Իհարկե ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում, բայց մեր խնդիրը բակերի մաքրումն է.Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա չբացառեց, որ այս տարի դեռ հնարավոր է ձյան առատ տեղումներ լինեն, ուստի, համապատասխան վարչություններին հանձնարարարեց պատրաստ լինել ձնամաքրման աշխատանքներին։
Քաղաքապետն արձանագրեց, որ իրենց խնդիրը շարունակում է մնալ մայթերի եւ բակային հատվածների մաքրումը ձյան շերտից. «Մեր խնդիրը բակերի մաքրումն է։ Պետք է աշխատենք այս ուղղությամբ։ Մայթերի մաքրումը տնտեսվարողների պատասխանատվության գոտում է։ Մասնավոր սեկտորի կողմից ես շատ ակտիվություն, որպես այդպիսին, չեմ տեսել։
Հասկանում եմ նաև, որ միգուցե տուգանքի չափն է նվազ։ Այստեղ կարելի է գործընկերային տրամաբանությամբ գնալ։ Ես խնդրում եմ բոլոր վարչական շրջանների ղեկավարներին կոմունիկացվել բոլոր տնտեսվարողների հետ, մայթերի մաքրման պատասխանատվությունը հստակ ֆիքսել, որ այն բոլոր այն տնտեսվարողներինն է, որոնք այդտեղ գործունեություն են իրականացնում»,- հանձնարարեց քաղաքապետը։