կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
 ԱՄԷ-ի հետ մեր հարաբերությունները կարևոր տեղ են գրավում մեր  առաջնահերթությունների շարքում. վարչապետ

ԱՄԷ-ի հետ մեր հարաբերությունները կարևոր տեղ են գրավում մեր առաջնահերթությունների շարքում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ԱՄԷ «Gulf News» թերթին: Ներկայացնում ենք դրանից մի հատված.

Վարչապետի պաշտոնում Ձեր առաջին 100 օրվա ամենակարևոր արդյունքներից մեկն այն էր, որ ավելի շատ մարդիկ սկսեցին գալ Հայաստան: Ինչպիսի՞ն է արտագաղթի կանխարգելմանն ուղղված Ձեր նոր տնտեսական քաղաքականությունը:

Հարկ է նշել, որ ավելի քան 12 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանումների թիվը գերազանցել է մեկնումներինը. 2018 թվականին ունեցանք 15,313 դրական հաշվեկշիռ: Արտագաղթը նվազել է՝ համապատասխան ցուցանիշն այս տարի բարելավվել է 32 անգամ 2015 թվականի համեմատ: Մինչդեռ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում մենք ունենք մինուս 2.334 հաշվեկշիռ: Մեր նպատակն է կանխել արտագաղթը և խթանել ներգաղթը:

Անցյալի փորձը ցույց է տալիս, որ ներգաղթն աճում է, երբ երկրում տնտեսությունը զարգանում է, և ստեղծվում են նոր աշխատատեղեր: Խորհրդային ժամանակաշրջանում այդպես էր: Համոզված եմ, որ մեր կառավարության քաղաքականությունը և տնտեսական հեղափոխությունը կխթանեն ներգաղթը: Մեր խնդիրն է՝ ապահովել քաղաքացիների աշխատելու և ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմաններ, և մենք վճռական ենք այդ գործում:

Ըստ Ձեզ, ինչո՞ւ հատկապես հենց հիմա ԱՄԷ ներդրողները պետք է գան Հայաստան:

Մենք ուրախ կլինենք տեսնել ավելի շատ ԱՄԷ ներդրողներ Հայաստանում, և, հետևաբար, մենք պատրաստ ենք քննարկել տարբեր ոլորտներում ներդրումային հնարավորությունները: Ես արդեն նշել եմ Հայաստանի կառավարության առաջարկած պայմանները, հատկապես ներդրողների մասով: Մենք կարող ենք մեր գործընկերների հետ արդյունավետ համատեղ ներդրումներ կատարել առաջատար տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ոլորտներում, և ես այժմ կոչ եմ անում ԱՄԷ ներդրողներին՝ ուսումնասիրել Հայաստանի կողմից առաջարկվող տնտեսական հնարավորություններն ու պայմանները: Հայաստանը կարող է նաև ԱՄԷ համար կամուրջ հանդիսանալ դեպի ԵԱՏՄ շուկա:

1998 թվականի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք զարգացնում ենք արդյունավետ և համապարփակ գործընկերություն ԱՄԷ-ի հետ: Այսօր ԱՄԷ-ի հետ Հայաստանի հարաբերությունները կարևոր տեղ են գրավում մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Հայ-էմիրաթական համագործակցությունը նոր թափ ստացավ մայիսին Երևանում կայացած Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստից հետո: Այն արդյունավետ հարթակ է երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ տեսակետներ փոխանակելու և տնտեսության տարբեր ոլորտներում իրավական դաշտն ընդլայնելու համար:

Համատեղ հանձնաժողովի աշխատանքների շոշափելի արդյունքներից կարելի է առանձնացնել Աբու Դաբիի «Մասդար» ընկերության և Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամի միջև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրումը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի և Աբու Դաբիի Գլոբալ Շուկայի միջև փոխըմբռնման հուշագիրը:

Մենք հավատում ենք, որ միջկառավարական համատեղ հանձնաժողովը կարևոր գործիք է համաձայնագրերի արդյունավետ իրականացման, երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացման, այդ թվում` B2B և B2G ձևաչափերով գործարար համաժողովների, երկկողմ գործարար այցելությունների համար՝ ի լրումն տարբեր ցուցահանդեսներում փոխադարձ մասնակցություն:

Մենք իսկապես բարձր ենք գնահատում երկու երկրների միջև առևտրաշրջանառության վերջին դրական միտումները: ԱՄԷ-ն հուսալի գործընկեր է մեզ համար առևտրի և ներդրումների ոլորտներում, ինչպես նաև կարևոր հանգույց է Պարսից ծոցի տարածաշրջանի և ասիական երկրների շուկաների հասանելիության առումով:

Միևնույն ժամանակ, համագործակցության հսկայական ներուժ կա գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության, անշարժ գույքի և հանքարդյունաբերության ոլորտներում, որոնցից ոչ մեկը դեռևս պատշաճ կերպով չի օգտագործվում:

Մենք ողջունում ենք ԱՄԷ գործարարների կողմից Հայաստանի տնտեսության մեջ իրականացված բազմաոլորտ ներդրումները և պատրաստ ենք տրամադրել բոլոր անհրաժեշտ հնարավորությունները Հայաստանում ներդրումներ կատարող էմիրաթական ընկերություններին:

  • Կիսվել: