երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ալվինա Գյուլումյանն Արման Բաբաջանյանին կոռեկտության կոչ արեց

Ալվինա Գյուլումյանն Արման Բաբաջանյանին կոռեկտության կոչ արեց

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» այսօր կազմակերպել էր «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկում:

Քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց. «ՍԴ-ի կայացրած ընտրական վեճերի վերաբերյալ վճիռները ուղեկցվել են տոտալ բռնություններով, ջարդարարություններով, կուսակցություններ փակելով: Նրանց որոշումների պատճառով քաղաքական առաջնորդներ են օրերով, շաբաթներով թաքնված մնացել ու ներհասարակական, ներհանրային կյանքում ներդաշնակություն ապահովելու փոխարեն ձեր դատարանի կայացրած վճիռները միայն սթրես, տագնապ ու բռնություններ են գեներացրել: Հիմնականում ընտրական վճիռներին չառնչվող որոշումներում դուք սքողել եք ՍԴ-ի իրական գործառույթը: Ձեր գլխավոր ֆունկցիան էր՝ ամեն գնով այդ ռեժիմի երկարակեցությունը ապահովելու դրան օրինական տեսք տալ՝ ի հաշիվ ՀՀ-ում ժողովրդավարության անկման եւ իրավունքների ոտնահարման»:

Նրա խոսքերին արձագանքեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը. «Ես հակված էի մտածելու, որ այստեղ ինձ չեն փորձի ներքաշել քաղաքական բանավեճերի մեջ, պարոն Բաբաջանյանի ասածը զուտ քաղաքական հայտարարություններ են, ցավոք, որոնց վերաբերյալ ոչ մի հիմք չի ներկայացվում, ու ես դրանց ուղղակի չեմ պատասխանի»:

Իր հերթին Արման Բաբաջանյանը, անդրադառնալով ՍԴ որոշումներին, նշեց, որ դեռ 2003-ին ՍԴ-ն որոշեց ընտրացուցակները փակել ու հենց այս ընտրություններից սկած՝ ՀՀ-ում տեղի ունեցան համապետական խայտառակ ընտրություններ ու դա արվեց նույնիսկ այն ժամանակ, երբ այդպիսի նորմ նախատեսված չէր. «ՍԴ-ն նախաձեռնեց այդպիսի նորմ, որը ազատություններն էր սահմանափակում ու ժողովրդավարությունը, դուք դրա դեմ որոշում եք կայացրել, այդ որոշման արդյունքում ՀՀ-ում տեղի են ունեցել հանրաքվեներ, համապետական ընտրություններ, որոնք ուղեկցվել են բռնություններով, ջարդարարություններով ու ուղղակի սպանություններով եւ ես կարծում եմ, որ դուք հանցակից եք ապօրինությունների, այն բռնարարքների, սպանությունների համար, որոնք տեղի են ունեցել այդ որոշման պատճառով ու հետեւանքով»:

Երբ Գյուլումյանը խոսեց ՍԴ-ի կայացրած 1500 վճիռների մասին, պատգամավորը հետաքրքրվեց. «Ձեզ ուզում եմ մի պարզ հարց տալ՝ այդ 1500 վճիռների արդյունքում մինչեւ 2018-ը Հայաստանը ժողովրդավա՞ր է եղել, եթե եղել է այդպիսին, 2018-ի մայիսին ի՞նչ էր անում ժողովուրդը: Ձեր որոշումների պատճառով իր փրկությունը ժողովուրդը փողոցում էր փորձում գտնել, սա ձեր աշխատանքի ամենավառ գնահատականն է»:

 «Կոչ կանեմ մի փոքր ավելի կոռեկտ լինել՝ հանցագործ, հանցակից է նա, ում նկատմամբ կա կայացած ուժի մեջ մտած դատավճիռ, եթե կհասնեք այդ դատավճռին, կկարողանաք ինձ հանցակից անվանել: Ես այդ դատավորներից մեկն եմ: Ես մարդ եմ, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման առումով շատ ավելի մեծ ներդրում ունի այս երկրում, քան այստեղ նստած որեւէ մեկը»:

  • Կիսվել: