երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Ռուսաստանում, արտասահմանում և Հայաստանում «Կեսօրն ընդդեմ Պուտինի» ակցիա է տեղի ունեցել

Ռուսաստանում, արտասահմանում և Հայաստանում «Կեսօրն ընդդեմ Պուտինի» ակցիա է տեղի ունեցել

Տարբեր լրատվամիջոցներ հաղորդել են նախագահական ընտրությունների վերջին օրը «Կեսօրն ընդդեմ Պուտինի» ակցիայի անցկացման մասին ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։

Այսպես,«Медуза»-ն գրել է, որ Մոսկվայում տեղական ժամանակով ժամը 12:00-ին մարդիկ սկսել են հավաքվել ընտրատեղամասերում։ Մոսկվայի կենտրոնական թաղամասերում և կենտրոնից դուրս հերթեր են գոյացել։

Լրատվամիջոցը գրում է, որ ընդդիմության հանգուցյալ  առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի համախոհները ուղիղ եթեր են մտել ընտրությունների երրորդ օրը և հրապարակել Մոսկվայի տարբեր շրջանների ընտրատեղամասերում հերթերի լուսանկարները։

«Կեսօրն ընդդեմ Պուտինի» արշավի գաղափարն  է․ մարտի 17-ին ժամը 12:00-ին գալ ընտրատեղամասեր և դեմ քվեարկել երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինին (կամ փչացնել քվեաթերթիկը), ասել է պետերբուրգցի պատգամավոր Մաքսիմ Ռեզնիկը։ Այս նախաձեռնությանն աջակցել են Ալեքսեյ Նավալնին և ընդդիմության այլ առաջնորդներ։

Նավալնիի՝ ակցիային մասնակցելու կոչը քաղաքական գործչի համախոհները համարում են նրա «կտակը»։

«Կեսօրն ընդդեմ Պուտինի» ակցիայի մասին տեղեկացրել է նաև «Ազատություն» ռադիոկայանը։

Լրատվամիջոցի տեղեկություններով, «Կեսօրն ընդդեմ Պուտինի» բողոքի ակցիա է տեղի ունեցել Հայաստանի Գյումրի քաղաքում։

Քաղաքում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները հերթ են կանգնել ընտրատեղամասի մոտ՝ Վլադիմիր Պուտինի դեմ քվեարկելու կամ իրենց քվեաթերթիկը փչացնելու համար։

Վրացական Paper Kartuli լրատվամիջոցը հայտնում է Թբիլիսիում «Կեսօրն ընդդեմ Պուտինի» հանրահավաքի մասին, որին մասնակցել է ավելի քան 450 ռուսաստանցի էմիգրանտ։

Նմանատիպ ակցիաներ են անցկացվել նաև Հաագայում, Վիլնյուսում, Բեռլինում, Ստամբուլում և աշխարհի տարբեր քաղաքներում։

«Ամերիկայի Ձայն»-ի հաղորդմամբ՝ Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլյա Նավալնայան, մասնակցել է Բեռլինում կայացած «Կեսօրն ընդդեմ Պուտինի» ցույցին։

«ՕՎԴ-Ինֆո» մոնիտորինգային խմբի տվյալներով, «Կեսօրն ընդդեմ Պուտինի» ցույցին մասնակցելու համար Ռուսաստանում բերման է ենթարկվել ավելի քան 70 մարդ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: