Ադրբեջանի պատվիրակությունն ի նշան բողոքի լքել է ԵԽԽՎ-ն
Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ՝ ի նշան երկրի նկատմամբ երկակի ստանդարտների դեմ բողոքի: Այս մասին ասված է ադրբեջանական պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում են ԶԼՄ-ները:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «ԵԽԽՎ-ում առկա ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի ներկայիս անտանելի մթնոլորտի պայմաններում ադրբեջանական պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր համագործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցումը:
ԵԽԽՎ-ն այսօր պատրաստվում է պաշտոնապես հրաժարվել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների (հավատարմագրերի) ճանաչումից։ ԵԽԽՎ-ն այս սադրիչ հարձակումը պատճառաբանում է նրանով, որ իրենց դիտորդները չեն հրավիրվել փետրվարի 7-ին նշանակված նախագահական ընտրություններին։
Իրականում ԵԽԽՎ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ կտրուկ վատթարացավ անցյալ տարվա սեպտեմբերին ինքնիշխանության վերականգնումից հետո։ Արդեն հոկտեմբերին ԵԽԽՎ-ն միակողմանի բանաձեւ է ընդունել, որում Բաքվին մեղադրել է Ղարաբաղի հայերին բռնի տեղահանելու մեջ»: