ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Օզի Օսբորնը Պարկինսոնի հիվանդության պատճառով չեղարկել է համերգները

Օզի Օսբորնը Պարկինսոնի հիվանդության պատճառով չեղարկել է համերգները

Բրիտանացի ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի նախկին ֆրոնտմեն Օզի Օսբորնն իր No More Tours II շրջագայության ամերիկյան մասը չեղարկել է Պարկինսոնի հիվանդության պատճառով, ասված է նրա հրապարակած հայտարարության մեջ, տեղեկացնում է TASS-ը:

Նշվում է, որ Օսբորնը չի կարողանա ԱՄՆ-ում շրջագայություն սկսել մայիսին, ինչպես պլանավորված էր, քանի որ ուղևորվում է Շվեյցարիա՝ բուժընթաց անցնելու: «Ցավոք, ես չեմ կարողանա Շվեյցարիայում հայտնվել ապրիլից շուտ, իսկ բուժումը տևում է մինչև երկու ամիս: Ես չեմ ցանկանում համերգները չեղարկել վերջին պահին»,-ընդգծել է երաժիշտը:

Շրջագայության ամերիկյան մասը պետք է սկսվեր մայիսի 27-ին Ատլանտայում (Ջորջիայի նահանգ) կայանալիք համերգով: Բրիտանական Sky News հեռուստաալիքի տվյալներով՝ ընդամենը կատարողը 17 համերգ էր պլանավորել ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում:

Հոկտեմբերին Օսբորնն առողջության հետ կապված խնդիրների պատճառով հետաձգել էր «հրաժեշտի» համաշխարհային շրջագայության եվրոպական մասը: Համերգների ներկայիս հետաձգումը տեղի է ունեցել այն բանից շատ չանցած, երբ երաժիշտը հունվարին առաջին անգամ հրապարակորեն պատմեց Պարկինսոնի հիվանդության դեմ իր պայքարի մասին, որի շուրջ լուրեր էին սկսել հայտնվել անցյալ տարվանից:

Այժմ երաժիշտի առաջիկա ելույթը նշանակված է հոկտեմբերի 23-ին Անգլիայի Նյուքասլ քաղաքում:

  • Կիսվել: