շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մինչև հիմա սիրահարված եմ. Իրինա Թովմասյանն ամուսնու հետ Մալդիվնեիրում է՝ համատեղ կյանքի 15-ամյակի առթիվ

Մինչև հիմա սիրահարված եմ. Իրինա Թովմասյանն ամուսնու հետ Մալդիվնեիրում է՝ համատեղ կյանքի 15-ամյակի առթիվ

«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանն ամուսնու՝ Դավիթ Ադամյանի հետ իր հանգիստն է վայելում Մալդիվյան կղզիներում: Իրինան Tert.am Life-ին է տրամադրել հանգստի լուսանկարները և պատմել, որ սա ամուսնու նվերն է իրեն, քանի որ տարին իրենց համար հոբելյանական է՝ 15 տարի է՝ ամուսնացած են:

 

Զույգը հանգստի է մեկնել առանց երեխաների: «Հունվարի 19-ին լրանում է մեր ամուսնության 15-ամյակը, ինչի առթիվ Դավիթն ինձ նվեր մատուցեց՝ ուղեգիր դեպի Մալդիվյան կղզիներ: Այս անգամ միայն ես ու ամուսինս ենք մեկնել հանգստի»,- ասաց Իրինան ու հավելեց, որ ստիպված են տուն վերադառնալ շատ նվերներով, որպեսզի երեխաներն իրենց ներեն բացակայությունը: «Իրենք կարծում են, որ մենք գործուղման ենք գնացել»,- ծիծաղելով հավելեց մայրիկը:

Զույգը շատ է կարևորում երեխաներից առանձին ժամանակ անցկացնելու հնարավորությունը: Իրինան ու Դավիթը տարվա ընթացքում ունենում են հանգստյան օրեր, որոնք միայն երկուսով են անցկացնում:

 

«Երեխաների հետ ընտանեկան ու ուրախ հանգիստ է անցնում, բայց նրանցից առանձին հանգստանալը ևս շատ կարևոր է: Սա լրիվ այլ հանգիստ է՝ ռոմանտիկ միջավայրում: Նույնիսկ Հայաստանում ժամանակ առ ժամանակ փորձում ենք 1-2 օրով գնալ քաղաքից դուրս, ունենք մեր սիրած վայրերը, որտեղ միասին ժամանակ ենք անցկացնում»,- ասաց նա:

Իրինան նշեց, որ հիմնականում պասիվ հանգիստ են անցկացնում, սակայն թե՛ ինքը, թե՛ ամուսինը շատ են սիրում դայվինգ անել և այդ հնարավորությունը բաց չեն թողնում:

Իրինայից հետաքրքրվեցինք, թե ինքն ինչ նվեր է մատուցել սիրելիին ամուսնության 15-ամյակի առթիվ: «Ես իրեն նվիրել եմ մեր գանձուկներին, նվիրում եմ իմ սերը: Իր նվերն այնքան լավն է, որ իմը կխամրեր այդ ֆոնին, որոշեցի իրեն նվիրել իմ ամբողջ սերը»,- ասաց Գեղեցկուհու տիտղոսակիրը:

Ամուսնության 15 տարվա ընթացքում, ըստ Իրինայի, բարդ էտապ չեն ունեցել: «Մեզ մոտ բարդ փուլ չի եղել: Դժվար շրջան է լինում միայն այն ժամանակ, երբ երեխաները հիվանդանում են: Վերջերս բոլորս ջրծաղիկ էինք, այ դա ամուսնուս համար էր բարդ էտապ, որովհետև բոլորիս ինքն էր խնամում: Այլ բարդ էտապ իսկապես երբեք չենք ունեցել,- ասաց նա ու հավելեց, որ տարիների ընթացքում իրենց սերը չի պակասել,- Երբ ամուսնացանք, ես շատ սիրահարված էի, մինչև հիմա սիրահարված եմ իրեն: Կարևոր է, երբ դու ուղղակի ուզում ես ամեն օր այդ մարդու կողքին լինել»:

 
 

 

  • Կիսվել: