երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Եվրատեսիլ-2024» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում «Լադանիվան» ելույթ կունենա մայիսի 9-ին, 8-րդ համարի ներքո

«Եվրատեսիլ-2024» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում «Լադանիվան» ելույթ կունենա մայիսի 9-ին, 8-րդ համարի ներքո

Մայիսի 8-ին տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2024» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի գլխավոր փորձը։ «Լադանիվան» ներկայացել է վառ ու պայծառ բեմադրությամբ։ Ըստ բեմադրության հեղինակ, ռեժիսոր Արթուր Մանուկյանի՝ բեմում իրական համերգային կատարման տրամադրություն է ստեղծված։ «Մենք փորձել ենք ներկայացնել «Լադանիվա»-ի գունավառ տեսակը։

Բեմադրության մեջ կտեսնեք հայկական վիշապագորգը, որը որոշակիորեն ներկայացվում է նաև պիքսելային տրամադրության մեջ, ինչը խորհրդանշում է «Լադանիվա»-ի արվեստում կամրջվող ավանդականն ու ժամանակակիցը։ Երաժիշտները բեմում ներկայանալու են ազատ համերգային ոճով, որը ոչ միայն այս տարվա եվրատեսիլյան բեմի տրամաբանությունն է, այլև հնարավորություն է խմբի անդամների համար՝ աշխատելու հանդիսատեսի հետ և նրանց համար, ինչը «Լադանիվա»-ին ամենաշատն է հաջողվում։ Բեմադրության մեջ նաև կոլաժային տրամաբանությամբ օգտագործվել են «Ժակո» երգին առնչվող տարրեր, որոնք կապված են Ժակլինի մանկության և «Լադանիվա» խմբի խորհրդանիշների հետ»։

Պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանի խոսքով՝ անցնող ամիսների երկար աշխատանքը տվել է սպասվող արդյունքը. «Այս ամիսների ընթացքում մեր թիմն ու արտիստներն արել են ամեն բան՝ Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար։ Պրոմո շրջագայությունների, Մալմյոյում փորձերի և լրագրողների հետ հանդիպումների արդյունքում մենք համոզվել ենք, որ «Լադանիվա»-ն և մեր երգը շատ են սիրվել, և այժմ ամեն ինչ կախված է քվեարկությունից։ Հենց այս առումով չափազանց կարևոր է, որ Հայաստանին սատարող բոլոր մարդիկ անպայման քվեարկեն մեր պատվիրակի օգտին»։

«Լադանիվան» ելույթ կունենա 8-րդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 9-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին): Մրցույթին ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է հետևել Առաջին ալիքով։

  • Կիսվել: