շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իդեալական մարդիկ չկան․ Գոհար Ավետիսյանը ցույց է տվել կտրուկ նիհարելու հետևանքները

Իդեալական մարդիկ չկան․ Գոհար Ավետիսյանը ցույց է տվել կտրուկ նիհարելու հետևանքները

Հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը կիսվել է անկեղծ տեսանյութով, որտեղ ցույց է տալիս կտրուկ նիհարելու հետեւանքները։ Instagram-ի հոլովակում նա խոստովանել է, որ վախենում էր նկարահանել եւ տեղադրել տեսանյութը, քանի որ կարեւոր է, որ կանայք «աշխարհին ցույց տան միայն իրենց լավագույն կողմերը՝ լավագույն ռակուրսներից եւ ճիշտ լուսավորությամբ»:

Հետևորդներից մեկը նշել է, որ նա իդեալական կազմվածք ունի, որին ի պատասխան՝ Գոհարը տեղադրել է տեսանյութ, որտեղ երևում են վիրահատության սպիները, դեմքի բշտիկները։ 

«Բայց ես ամբողջ սրտով զգում եմ այս մասին խոսելու գլոբալ կարեւորությունը: Այն մասին, որ իդեալական մարդիկ չկան, եւ յուրաքանչյուր մարդ ունի իր առանձնահատկությունները, որոնք մենք հմտորեն թաքցնում ենք շպարի, կեղծ մազերի կամ հագուստի ներքո։

Իրականում ինտերնետը շատ վնասակար է ազդում մարդկանց եւ, հատկապես, կանանց ինքնագնահատականի վրա: Ամեն օր մենք համացանցում տեսնում ենք հարյուրավոր իդեալական լուսանկարներ ու տեսանյութեր եւ մեզ զգում ենք թերի, ոչ գեղեցիկ, ոչ արժանի, քանի որ քչերն ունեն քաջություն՝ ցույց տալու ճշմարտությունն այսպես, ինչպես այն կա։

Ես շատ եմ վախենում, որ այս տեսանյութից հետո կլինի ատելության ալիք, ինչի պատճառով ես կհայտնվեմ երկարատեւ դեպրեսիայի մեջ, բայց եթե գոնե մի քանի կին տեսնեն այս իրականությունը եւ հասկանան, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է, ապա ես կհավատամ, որ իզուր չեմ արել սա:

Ես ի ծնե գեր եմ եղել, իսկ 12 տարեկանից ձգվող նշաններ եմ ունեցել, 130 կգ քաշ հավաքելուց ու նիհարելուց հետո դրանք շատացել են, իսկ հղիությունից ու ծննդաբերությունից հետո՝ 10 անգամ ավելացել... Երազում էի նիհարել եւ մաշկս հեռացնել, բայց ես պատրաստ չէի այն բանին, որ ստիպված պիտի լինեմ ապրել մարմնիս վրա հսկայական քանակությամբ սարսափելի սպիներով...

Բայց ես սովորում եմ, սովորում եմ ամեն օր, եւ գիտեմ, որ այլ կյանք եւ այլ մարմին չեմ ունենալու... Ուստի խնդրում եմ՝ եկեք սիրենք ինքներս մեզ եւ հիշենք՝ ՈՉ ՈՔ ԿԱՏԱՐՅԱԼ ՉԷ... Համացանցում տեղադրված նկարը պարզապես նկար է, որի հետեւում կա ճիշտ լույս, ճիշտ ռակուրս եւ այլ հնարքներ»,- նշել է նա։

  • Կիսվել: