ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ընդունեք պատասխան հարվածը. Պուտինը՝ ԱՄՆ-ում նախընտրական գործընթացի ժողովրդավարության մասին

Ընդունեք պատասխան հարվածը. Պուտինը՝ ԱՄՆ-ում նախընտրական գործընթացի ժողովրդավարության մասին

 Ռուսաստանում ընտրությունները ժողովրդավարական են, իսկ ԱՄՆ-ում ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են թեկնածուներից մեկի վրա հարձակվելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի թեկնածու և գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Եթե դուք ուզում եք իմ կարծիքն իմանալ՝ ընտրությունները ժողովրդավարական են, թե ոչ, ես կարծում եմ, որ ժողովրդավարական են։ Եվ հակառակը՝ որոշ երկրներում, օրինակ՝ ձեր երկրում, միթե կարելի է ժողովրդավարական համարել վարչական ռեսուրսի օգտագործումը Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներից մեկի վրա հարձակվելու համար` օգտագործելով նաև դատական ատյանները», - ասել է Պուտինը՝ պատասխանելով NBC news-ի ամերիկացի լրագրողի հարցին:

Նա նշել է, որ ԱՄՆ–ում վարչական ռեսուրսների, դատական համակարգի օգտագործումը դարձել է «ուղղակի ծիծաղելի և խայտառակություն ամբողջ աշխարհի համար իսկ արևմուտքում տեղի ունեցողը աղետ է, ոչ թե ժողովրդավարություն:
«Ես բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ ոչ մի ժողովրդավարություն, համենայնդեպս նախընտրական գործընթացների ընթացքում, Արևմուտքի որոշ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, մենք չենք տեսնում։ Այդ պատճառով ընդունեք պատասխան հարվածը», - ասել է Պուտինը։
 
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ Ռուսաստանը նախապատվություն չունի ԱՄՆ նախագահի թեկնածուների հարցում, կաշխատի նրա հետ, ում կընտրեն: Մեկնաբանելով օտարերկրյա ԶԼՄ-ների արձագանքը ընտրությունների ընթացքին՝ Ռուսաստանի գործող ղեկավարն ասել է, որ այն սպասելի է, քանի որ Արևմուտքում պայքարում են ՌԴ-ի դեմ:
Միևնույն ժամանակ, Պուտինն ընդգծել է NBC News-ի լրագրողի համարձակությունը, որը եկել է իր մամուլի ասուլիսին և լսում է իր պատասխանը, որը, գուցե, տհաճ է նրա համար (լրագրողի)։
«Բայց քանի որ նա դահլիճում է, ապա ամեն ինչ կորած չէ ԱՄՆ-ի համար»,–կատակել է Պուտինը:

  • Կիսվել: