երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ չի բացառվում TikTok ծառայության արգելքը Եվրամիությունում։

ԵՀ-ն, մասնավորապես, մտահոգված է օգտատերերի վրա հավելվածի բացասական ազդեցությունից. խոսքը, մասնավորապես, TikTok Lite-ի պարգևատրման գործիքների մասին է:

«Դա բացառված չէ», - ասել է  Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Մաաստրիխտում բանավեճի ժամանակ: Նրա խոսքը մեջբերում է Politico-ն:

Նա նաև հավելել է, որ Եվրահանձնաժողովն աշխարհում առաջինն է արգելել իր աշխատակիցներին TikTok ներբեռնել իրենց աշխատանքային հեռախոսներում։

Ապրիլին Եվրահանձնաժողովը զեկույց է ուղարկել TikTok-ի սեփականատերերին՝ TikTok Lite սոցիալական ցանցի թեթև տարբերակի վերաբերյալ հետաքննության շրջանակներում: TikTok Lite-ի գործառույթներից մեկն օգտատերերի համար կանխիկ պարգևատրումների համակարգն է՝ վիդեո դիտումների քանակի, հարթակ կանոնավոր այցելությունների և այլնի հիման վրա տարբեր առաջադրանքներ կատարելու համար: Եվրոպական հանձնաժողովը կարծում է, որ դա խրախուսում է օգտատերերին ավելի շատ ժամանակ անցկացնել հավելվածում և կախվածություն է առաջացնում:

  • Կիսվել: