երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում կորուստներ ունի

Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում կորուստներ ունի

Մարտի 12-ին Սիրիայի հյուսիսարևելյան Ռաս ալ֊Այն շրջանում, որտեղ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն իրականացրին 2019թ․ հոկտեմբերին, մեքենայի պայթյունից սպանվել է Թուրքիայի ժանդարմերիայի 1 և տեղի անվտանգության ծառայողներից 3-ը։

Այս մասին հայտնել է Թուրքիայի Շանլըուրֆա շրջանի նահանգապետարանը, գրում է razm.info-ն՝ հղում անելով պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը։

Նշվում է նաև, որ կա 10 վիրավոր, որից 7-ը քաղաքացիական են։ 3-ն, ամենայն հավանականությամբ, զինծառայողներ են, սակայն հայտնի չէ, թե որ կառույցի։

Ըստ թուրքական աղբյուրի՝ «հարձակումն իրականացրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները»։

Հիշեցնենք, որ 2019թ․ հոկտեմբերի 9-22֊ը Թուրքիան Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում, այդ թվում՝ Ռաս ալ֊Այնում, քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (SDF) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ (YPG) դեմ սկսել էր «Խաղաղության ակունք» (Barış Pınarı Harekatı) կոչվող ռազմական գործողությունը։

Գործողությունը քրդերի դեմ սկսվել էր հոկտեմբերի 6-ից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարեց, որ չի միջամտելու թուրքերի գործողություններին և դուրս է բերելու իր զորքերը Սիրիայի հյուսիսից: ԱՄՆ դուրս գալու հայտարարություններից հետո Թուրքիայի դեմ պայքարում քրդական ուժերին օգնության հասան Սիրիայի կառավարական ուժերը՝ SDF հետ ձեռք բերած համաձայնության շրջանակներում։

Հրադադար հաստատվեց միայն հոկտեմբերի 22-ին, երբ Ռուսաստանի Սոչի քաղաքում Էրդողանն ու Պուտինը ստորագրեցին 10 կետից բաղկացած համաձայնագիր, որով քրդական ուժերը պետք է հետ քաշվեին 30 կմ խորությամբ։ Քրդերը պետք է ազատեին սիրիական Թել Աբյադ և Ռաս ալ-Այն շրջանները։ Բացի այդ՝ համաձայնագրի 6-րդ կետրով YPG-ն պետք է ազատեր նաև Մանբիջն ու Թել-Ռիֆաթը։

Ըստ համաձայնագրի՝ թուրք-սիրիական սահմանի Սիրիայի հատվածում 10 կմ խորությամբ, թուրքական գործողության շրջանների արևմուտքում և արևելքում, բացառությամբ՝ Ղամիշլիի, ռուս-թուրքական զորքերն սկսելու էին համատեղ պարեկային ծառայություններ։

Հոկտեմբերի 22-ին ստորագրված ռուս-թուրքական հուշագրի կետերով սահմանված գործողությունների քարտեզը։ Կապույտն այն տարածքն է, որտեղ 10 կմ խորությամբ պետք է պարեկային ծառայություն իրականացնեն ռուս-թուրքական ուժերը։ Կանաչով նշված է 30 կմ-ոց «անվտանգության գոտին», որտեղից պետք է դուրս գան քրդական ուժերը։ Մանուշակագույնով ընդգծված են թուրքական զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքները։

  • Կիսվել: