շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ճապոնիայի կայսրն աստվածներին նվիրատվություններ է անում

Ճապոնիայի կայսրն աստվածներին նվիրատվություններ է անում

Այսօր Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն սկսել է Աստվածներին նվիրատվությունների մատուցման բազմաժամյա արարողությունը, որը վերջինն է ծիսակարգերի շարքում՝ կապված նրա գահակալման հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Կայսերական պալատի վարչության՝ արարողությունը կավարտվի վաղը, ժամը մոտ 03.00-ին։ Արարողությանը մասնակցում է 670 հրավիրյալ՝ ներառյալ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ կառավարության անդամները, ինչպես նաև խորհրդարանի երկու պալատների եւ Գերագույն դատարանի ղեկավարները։

Նշվում է, որ նրանք բոլորն առանձին շենքում են եւ արարողությունը չեն տեսնելու։ Իսկ դրան մասնակցելու համար 59-ամյա Նարուհիտոն ձյունաճերմակ մետաքսե զգեստով է հագել, ինչպես վաղ միջնադարում։

Արարողության ընթացքում նա ոտքը կդնի հատուկ իր ճանապարհին փռված կտավին, ինչը խորհրդանշաբար միապետին պետք է պաշտպանի երկրային ապականությունից։

Կայսերական պալատի համալիրի արեւելյան մասում ծեսի անցկացման համար հատուկ կառուցվել են տարբեր մեծության մոտ 40 շինություններ։ Դրանք կառուցվել են հին ճապոնական կանոններով: Քաղաքի գլխավոր դարպասները կառուցված են չհղկված փայտից, իսկ ծեսերի համար օգտագործվել է կոպիտ այրված կավե ամանեղեն՝ նախնադարյան նմուշների նմանողությամբ պատրաստված։

Արարողության կարևոր հատվածը կանցկացվի երկու տաղավարներում, որոնք խորհրդանշում են Ճապոնիայի արեւելքը եւ արեւմուտքը։ Այստեղ են բերվել բրինձ, կորեկ, բանջարեղեններ, մրգեր եւ ծովամթերքներ՝ երկրի բոլոր 47 պրեֆեկտուրաներից։

Նարուհիտոն այդ ամենը կմատուցի ազգային սինտո կրոնի աստվածներին եւ առաջին հերթին՝ Արեւի գերագույն աստվածուհի Ամատերասային, որը կայսերական դինաստիայի առասպելական նախամայրն է։

Նշվում է նաև, որ արարողության համար կառավարությունը պետբյուջեից հատկացրել է 2,4 մլրդ իեն (ավելի քան 22 մլն դոլար), ինչն առաջացրել է հասարակության մի հատվածի դժգոհությունը, որը կարծում է, թե նման ծախսերը խախտում են պետությունից կրոնի բաժանման սահմանադրական սկզբունքը։

Հիշեցնենք, որ Նարուհիտոն գահ է բարձրացել այս տարվա մայիսի 1-ին: Հոկտեմբերի 22-ին Տոկիոյում տեղի ունեցավ երկրին եւ աշխարհին նոր կայսերը ներկայանալու արարողությունը:

  • Կիսվել: