երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ստամբուլում 10 օրով արգելել են «պատերազմին «Ոչ» ասող» միջոցառումները

Ստամբուլում 10 օրով արգելել են «պատերազմին «Ոչ» ասող» միջոցառումները

Ստամբուլի նահանգապետարանը մարտի 1-ից արգելել է բոլոր այն հանրային միջոցառումները, որոնց ժամանակ մարդիկ կքննադատեն Թուրքիայի բանակի գործողությունները Սիրիայում, գրում է ermenihaber.am-ը:

Նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ «այս զգայուն ժամանակահատվածում, երբ Թուրքիան Սիրիայում զոհեր ու պատերազմի հերոսներ ունի», «Ոչ պատերազմին» և նմանատիպ այլ լոզունգների ներքո անցկացվելիք հանրահավաքները, քայլերթերը, մամուլի ասուլիսները, ստորագրահավաքները, տաղավարներ տեղադրելը, թռուցիկներ բաժանելը և նմանաբնույթ այլ միջոցառումները վտանգավոր են հանրային կարգի պահպանման, հանցագործությունների կանխման ու մարդկանց իրավունքների և ազատությունների երաշխավորման տեսանկյունից:

Նշվում է, որ վերը թվարկված միջոցառումները Ստամբուլի ողջ նահանգի տարածքում արգելվում են մինչև մարտի 10-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիան հայտարարել է մարտի 1-ով Սիրիայի Իդլիբ նահանգում այդ երկրի կառավարական բանակի դեմ այսպես կոչված «Գարնան վահան» ռազմագործողությունը սկսելու մասին: 

  • Կիսվել: