չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Օրենբուրգում ջրհեղեղի հետևանքով ստեղծված իրավիճակը վատթարանում է

Օրենբուրգում ջրհեղեղի հետևանքով ստեղծված իրավիճակը վատթարանում է

Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքի վարչակազմը հայտնել է ջրհեղեղի հետևանքով ստեղծված իրավիճակի վատթարացման մասին։

Telegram ալիքում վարչակազմի հաղորդագրության համաձայն, Օրենբուրգի մոտով հոսող Ուրալ գետը վերջին 24 ժամվա ընթացքում բարձրացել է ևս 28 սանտիմետրով:

«Ապրիլի 7-ի առավոտյան ժամը 9-ի դրությամբ ջրի տակ է անցել 1784 հողատարածք, 1347 տնային տնտեսություն՝ «Սոլովուշկա», «Գազովիկ», «Միչուրինեց», «Պենսիոներ», «Դուբկի», «Լուչ» և այլ այգեգործական միություններ, որոնք գտնվում են Ուրալ գետի ողողմնան տարածքում: Իրավիճակը գնալով վատանում է։ Տարհանվել է 428 մարդ, այդ թվում՝ 27 երեխա։ Ժամանակավոր տեղավորման կենտրոնում կա վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քաղաքի վարչակազմը հիշեցրել է, որ նախօրեին քաղաքապետ Սերգեյ Սալմինը հայտարարություն է արել, որում պահանջել է վտանգավոր գոտում ապրող Օրենբուրգի բնակիչներից ինքնակամ լքել իրենց տները։ Հակառակ դեպքում բնակիչները հարկադիր են տարհանվելու։

Օրսկում ուրբաթ օրը ճեղքվել է քաղաքը Ուրալ գետից պաշտպանող ամբարտակը։ Քաղաքապետ Վասիլի Կոզուպիցայիվկայությամբ, ամբարտակը երկու տեղից վնասված է։ Այս իրավիճակը անդրադարձել է նաև Օրենբուրգի վրա։

Դատախազության կարծիքով, կատարվածի պատճառը հիդրոտեխնիկական կառույցի պահպանման համար ոչ ժամանակին ձեռնարկված միջոցառումներն են։ Հարուցվել է քրեական գործ՝ «Շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները խախտում» և «Անփութություն» հոդվածներով։

  • Կիսվել: