կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակն Իդլիբում

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակն Իդլիբում

Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իդլիբի իրավիճակն ու հաստատել այդ շրջանում իրավիճակի կարգավորման հարցով համաձայնությունները պահպանելու անհրաժեշտությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է. «Կողմերը համալիր կերպով քննարկել են սիրիական կարգավորման ընթացքը՝ հատուկ ուշադրություն հատկացնելով Իդլիբի ապաէսկալացիայի գոտում իրավիճակին: Հաստատվել է երկկողմ համաձայնությունների, մասնավորապես՝ 2018 թվականի սեպտեմբերի 17-ին ՌԴ եւ Թուրքիայի նախագահների հանդիպման արդյունքով ձեռքբերված համաձայնությունների պահպանման անհրաժեշտությունը»:

Ռուսաստանի ԱԳՆ-ն հավելել է, որ այդ համատեքստում նշվել է «չափավոր ընդդիմության եւ ահաբեկչական տարրերի արագ սահմանազատման կարեւորությունը, քաղաքիների եւ զինված ուժերի նկատմամբ ամեն տեսակի սադրանքների անհապաղ դադարեցումը»: «Քննարկվել են իրավիճակի կարգավորման նպատակով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների գործնական հետագա քայլերը: Նախարարները վերահաստատել են, որ քաղաքական-դիվանագիտական միջոցներով սիրիական ճգնաժամի համապարփակ լուծումն այլընտրանք չունի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցը կայացել է Չավուշօղլուի նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ավիացիան եւ հրետանին Իդլիբում 40 թիրախների ուղղությամբ հարվածներ է հասցրել, զոհվել է 6 զինծառայող, եւս 9-ը վիրավոր է:   

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը, իր հերթին, նշել է, որ թուրք զինծառայողները երկուշաբթի գիշերը հայտնվել են կառավարական ուժերի հրետակոծության տակ, քանի որ թուրքական կողմն իր գործողությունների մասին ժամանակին չի զգուշացրել Ռուսաստանին:

Իդլիբի հարցով ռուս-թուրքական հուշագիրը ստորագրվել է 2018-ի սեպտեմբերի 17-ին, այն նախատեսում է այդ շրջանում չափավոր ընդդիմության եւ ահաբեկիչների սահմանազատում: 

  • Կիսվել: