երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կարևոր է չնվազեցնել ԵԱՏՄ գործընկերների հետ համագործակցության տեմպը. Միշուստին

Կարևոր է չնվազեցնել ԵԱՏՄ գործընկերների հետ համագործակցության տեմպը. Միշուստին

Կարևոր է չնվազեցնել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) համագործակցության զարգացման տեմպերը և հետևել, թե որքանով են արդյունավետ իրականացվում «հնգյակի» գործընկերների հետ պայմանավորվածությունները, հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ։
Միշուստինը ներկայացրել է անցած շաբաթ Ղազախստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները:
 
Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ԵԱՏՄ երկրները մտադիր են «ավելացնել փոխադրումները, անխափան անդրսահմանային լոգիստիկայի տեխնոլոգիաներ ներդնել», ընդ որում՝ ինչպես միության ներսում, այնպես էլ մոտակա հարևանների հետ:
 
Նրա խոսքով՝ շարունակվելու է եղածի արդիականացումը և նոր ենթակառուցվածքների կառուցումը։ Նա ավելացրել է, որ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները Ալմաթիում կայացած նիստում ուշադրություն են դարձրել նաև «հնգյակում» էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման թեմային:
 

«Մեր առջև խնդիր է դրված ձևավորել առցանց առևտրի շուկայի գործունեության միասնական կանոններ՝ ի շահ և՛ քաղաքացիների, և՛ ձեռնարկատերերի։ Ընդհանուր առմամբ, անդրադարձանք թվային օրակարգի հարցերին։ Պայմանավորվել ենք Միության երկրների ինտեգրված տեղեկատվական համակարգի կատարելագործման հետագա աշխատանքի ակտիվացման մասին», - ասել է Միշուստինը։

  • Կիսվել: