շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բախումներ ֆերմերների և ոստիկանների միջև՝ Բրյուսելում

Բախումներ ֆերմերների և ոստիկանների միջև՝ Բրյուսելում

Բրյուսելում ԵՄ գրասենյակի մոտ բախումներ են տեղի ունեցել բողոքի ակցիայի դուրս եկած ֆերմերների և իրավապահների միջև, տեղեկացնում է The Washington Post-ը:

Նշվում է, որ բախումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ԵՄ երկրների գյուղատնտեսության նախարարները հանդիպում էին անցկացնում բրյուսելյան գրասենյակում ՝ քննարկելու ֆերմերների խնդիրների համար լուծման հնարավոր ուղիները:

Ֆերմերները ոստիկանների հետ բախման ժամանակ նրանց վրա հեղուկ գոմաղբ են լցրել, անվադողեր այրել, այնուհետև տրակտորներից կազմված շարասյունը փակել է ԵՄ գրասենյակ տանող ճանապարհները։

Ինչպես հաղորդել է Բրյուսելի ոստիկանությունը՝ քաղաք մտած 900 տրակտորներից շատերը շարժվել են դեպի ԵՄ գրասենյակի շենք, որտեղ ընթանում էր նախարարների հանդիպումը։ ԵՄ շենքը պաշտպանելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել։

Վերջին շաբաթների ընթացքում եվրոպական երկրներում ֆերմերները բողոքի ցույցեր են անցկացնում։ Նրանք դեմ են ԵՄ-ի «կանաչ համաձայնագրին», պահանջում են փոխել համաեվրոպական ագրարային քաղաքականությունը, վերացնել բազմաթիվ սահմանափակումներ, այդ թվում՝ բնապահպանական, և դադարեցնել արտասահմանյան, նախ և առաջ՝ ուկրաինական էժան ապրանքների անվերահսկելի ներմուծումը։

  • Կիսվել: