ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վարվող տնտեսական զարգացման քաղաքականության հիմքում պետք է դրվի գիտություն - տեխնոլոգիա - արդյունաբերություն եռյակը․ Փորձագետ

Վարվող տնտեսական զարգացման քաղաքականության հիմքում պետք է դրվի գիտություն - տեխնոլոգիա - արդյունաբերություն եռյակը․ Փորձագետ

Ըստ վիճակագրության Հայաստանյ տեխնոլոգիական հատվածը/սեկտորը 2018 թ. աճել է 33 տոկոսով, իսկ դրա տարեկան շրջանառությունը կազմել է 250 մլն դոլար: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագետ Աշոտ Թևիկյանը։

Ընդ որում, նշեց նա, 2019 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է 2 103.9 մլրդ դրամ, ինչը տոկոսային հարաբերությամբ հավասար է հախորդ տարվա համադրելի շրջանի 109 տոկոսին՝ այսինքն աճը կազմել է առնվազն 9%: Ընդ որում հանքարդյունաբերական և մշակող արդյունաբերության աճը կազմել է համապատասխանաբար 23.9 և 7.6 տոկոս:

«Հաշվի առնելով երկրի տնտեսական կյանքում առկա լուրջ ոլորտները, շուկայական բարեփոխումների քաղաքականության ձևավորման ու ընտրության, երկրի զարգացման աճի մոդելի ու վեկտորի ընտրությունը դառնում է ծայրահեղ ակտուալ ու բարդ խնդիր: Այս առումով գլխավոր փաստաթուղթը՝ Հայաստանի նոր կառավարության ծրագիրն է (ՀՀ Կառավարության որոշում թ. 65-Ա առ 8 փետրվարի 2019 թ.), որում ներկայացված են կառավարության մոտեցումները երկրի զարգացման առաջիկա հինգ տարվա համար: Ծրագրի համաձայն կառավարության գործունեությունը ուղղված է.

— Հայաստանը բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերական երկիր դարձնելուն,

— Ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացմանը, որպես զինված ուժերի մարտունակության ապահովման և բարձրացման, տնտեսական աճի և գիտատեխնիկական առաջընթացի առանցքային գործոն,

— Կարգավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման միջոցով տնտեսական մրցակցության պաշտպանության ապահովմանը,

— Ապրանքների և ծառայությունների էական աճի ապահովմանը, որը դառնալու է Հայաստանի տնտեսական առաջընթացի գլխավոր շարժիչ ուժը: Մինչև 2024 թ. ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի կազմում պետք է հավասարվի 43-45%:

Միևնույն ժամանակ արտահանման կառուցվածքում պետք է զգալիորեն բարձրացնել տեխնոլոգիկան ապրանքների բաժինը»,- նշեց փորձագետը:

Ըստ նրա վարվող տնտեսական զարգացման քաղաքականության երկարաժամկետ տեսլականի հիմքում պետք է դրվի գիտություն, տեխնոլոգիա, արդյունաբերություն եռյակը «գիտելիքների էկոնոմիկայի» բարձր մասնաբաժնով (ինչը մասամբ բխում է հենց այդ փատաթղթից), որոնք, դառնալով տնտեսության (արտադրանքի և ծառայությունների) կարևորագույն բաղկացուցիչ, կապահովեն ողջ երկրի դինամիկ զարգացումը տասնամյակների ընթացքում:

«Այդ տրիադը (գիտություն, տեխնոլոգիա, արդյունաբերություն)՝ ոչ միայն տնտեսության, այլ նաև գիտակցության կառույց է: Ստեղծագործ մարդը և վաճառող մարդը՝ տարբեր մտածողություն ունեն, և, համապատասխանաբար, ներկայացված են տարբեր հասարակական հարաբերություններում ու դրանք ապահովող ինստիտուտներում: Հետևաբար, Հայաստանի ռազմավարական խնդիրը՝ արդյունաբերական քաղաքականության կտրուկ ակտիվացումն է բառիս ամենալայն իմաստով: Այդ քաղաքականության առաջնահերթությունը պետք է լինի երկրում արտադրված ինովացիոն-արդյունաբերական, գիտատեխնոլոգիական արտադրանքը և ծառայությունները, ինչն իր հերթին ենթադրում է մարդկային կապիտալի առաջանցիկ զարգացում»,- նշեց Թևիկյանը՝ հավելելով, որ Հայաստանի միակ ռազմավարական ռեսուրսը՝ մարդկային կապիտալն է:

Ըստ այդմ, ընդգծեց փորձագետը, միանգամայն բնական է, որ Հայստանի ազգային առաջնահերթությունների և մրցակցային առավելությունների գլխում պետք է դրվի Մարդը:

«Այդ իսկ պատճառով երկրի հանրային կյանքի վերափոխումները, տնտեսական աճի ինտենսիֆիկացման խնդիրը, զարգացման ծրագրի կատարումը պետք է բխեն այս առաջնահերթությունից: Դա իր հերթին կպահանջի առավել ինտենսիվ ներդրումներ մարդկային կապիտալի մեջ, ուժեղացնելով գիտության և կրթության ինտեգրումը: Գիտությունը պետք է շատ մեծ դեր խաղա, ինչը կպահանջի արդյունավետ աշխատող գիտնականների կարգավիճակի և իմիջի իրական բարձրացում և նրանց դիտարկում «ստրատեգիական ինտելեկտուալ ռեսուրսի» մակարդակով: Շեշտելով ինովացիոն-արդյունեբերական զարգացման ուղին, մենք պետք է ելնենք հայ հասարակության մտավոր և ստեղծագործական ներուժի լիարժեք իրականացման կարևորությունից: Հանրապետության ներքին շուկայի ամենաբնորոշ գիծը՝ դրա փոքր տարողունակությունն է, ինչը առաջին պլան է մղում արտահանման ներուժի զարգացման անհրաժեշտությունը։

Մեր գործողությունները պլանավորելիս, առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ Հայաստանի տնտեսությունը միահյուսված է ԵԱՏՄ այլ անդամների՝ նախ և առաջ Ռուսաստանի տնտեսության հետ: Արդյունավետ ինստիտուցիոնալ ձևերով պայմանավորված, ԵԱՏՄ երկրների գիտատեխնոլոգիական կոոպերացիայի շնորհիվ նրանք կապահովեն բոլոր ոլորտների անընդհատ կատարելագործումը և կդառնան Հայաստանի բարեհաջող տնտեսական զարգացման առանցքային տարրը: Ռուսաստանի հետ տեխնոլոգիական և ՆԻՈԿՌ շղթայի մեջ մտնելը և այդ համագործակցության հիման վրա պետական-մասնավոր գործընկերության ստեղծումը կնպաստի տեխնոլոգիական կոոպերացիայի հաստատմանը արտադրության, կիրառական գիտության, ինժեներային մշակումների, զենքերի ոլորտներում:

Անհրաժեշտ է վերականգնել գիտահեն արդյունաբերության մշակման և արտադրության երկար տեխնոլոգիական շղթաները: Ներկայացված խնդիրների լուծմանը կարող են նպաստել ներկայումս մշակվող եվրասիական ընկերությունների ձևավորման այն մոտեցումները, որոնք քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ԵՏՀ Արդյունաբերական դեպարտամենտի նախագծա-վերլուծական նստաշրջանի ընթացքում: ԵՏՀ-ն աշխատում է եվրասիական ընկերությունների ստեղծման վրա»,- փաստարկեց փորձագետը:

Նշենք, որ Եվրասիական փորձագիտական ակումբը արդեն հինգերորդ անգամ ամփոփել է Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: