երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ունենք գինեգործության զարգացման բում. Ավագ Հարությունյան

Ունենք գինեգործության զարգացման բում. Ավագ Հարությունյան

«Մի քիչ ավելի բերք ենք ստացել, քան անցյալ տարի՝ Արարատյկան հարթավայրում և նախալեռնային գոտում, և մի քիչ պակաս, քան Վայոց ձորում»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ ամփոփելով գինեգործական տարին:

Նա նշեց, որ տարին շատ հաջող էր, բերքը՝ առողջ: Բանախոսն ընդգծեց. «Այս տարի չի եղել պետություն-մթերող-գյուղացի քաղաքական լարվածությունը, որը կար հեղափոխությունից առաջ»: Հարությունյանը հավելեց, որ այս տարի մթերված խաղողի մասին պաշտոնական տվյալներ դեռ չկան, սակայն ինքը վստահ է, որ մթերումը շատ ավելի մեծ ծավալների կհասնի, քան նախորդ տարի, երբ մթերվել էր 117 հազար տոննա:

Գինեգործների միության նախագահը խոսեց նաև ոլորտի խնդիրներից՝ առանձնացնելով հատկապես վնասատուների դեմ պայքարը, փոքր ու մեծ արտադրողների համար անհավասար պայմաններն ու որակյալ խաղողի պակասը:

Ըստ նրա՝ այսօր գյուղացին, ելնելով սուղ պայմաններից, աճեցնում է առավելապես կոնյակի համար նախատեսված խաղող, որն իր որակական հատկանիշներով զիջում է գինու խաղողին, իսկ այն աճեցնելը շատ ավելի ծախսատար է:

Եվ, այնուամենայնիվ, չնայած խնդիրներին, Հարությունյանն արձանագրեց. «Ունենք գինեգործության զարգացման բում»:

  • Կիսվել: