Տարեսկզբից ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում մի շարք նոր կարգավորումներ են գործարկվել
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 2024 թվականը կարևոր փոփոխությունների տարի է համարում ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի համար։
Հունվարի 15-ի ասուլիսին Հակոբ Սիմիդյանն, անդրադառնալով 2023 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանն ու ոլորտի բարեփոխումներին, նշեց, որ հունվարի 1-ից ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը պետք է իրականացվի փակ շրջանառու կամ ջրախնայող համակարգով։
«Մենք 2022 թվականին էինք ջրային օրենսգրքում այս կարգավորումներն արել: 2023 թվականին նաև կարգը մշակեցինք, թե ինչ նկատի ունենք փակ շրջանառու համակարգ, ջրախնայող համակարգ ասելով։ Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի պաշարների ոչ արդյունավետ կառավարումը բավականին տխուր պատկերի է մեզ արդեն հասցրել: Համոզված ենք, որ այս կարգավորումը մեզ համար կենսական նշանակություն ունի»,-պարզաբանեց նախարարը՝ վստահություն հայտնելով, որ այս կարգավորումով կզարգանա պաշարների վերականգնման գործընթացը։
2024 թվականի հունվարի 1-ից գործող մեկ այլ կարգավորմամբ բոլոր ջրօգտագործողները պետք է առցանց էլեկտրական ջրաչափերով աշխատեն։
«Բոլոր տնտեսվարողներն իրենց ջրառի գետերում պետք է ունենան առցանց ջրաչափեր, որի արդյունքում մենք օնլայն ռեժիմով կհետևենք, թե ինչպես է նրանց կողմից օգտագործվում մեր թույլտվությամբ տրամադրված ջուրը»,-հայտնեց գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ այս տարի առցանց ջրաչափեր կտեղադրվեն նաև էկոթողքի գետերում, ինչը ցույց կտա գետերում ջրի համապատասխան ծավալի առկայությունը կամ նվազումը։