շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է․ Մարիա Կարապետյան

Շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է․ Մարիա Կարապետյան

 Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Հայաստան-Արևմուտք երկխոսության համատեքստում կարևորում է տնտեսական օրակարգը՝  նշելով, որ Հայաստանին անվտանգության տեսանկյունից նետվող մարտահրավերները նաև տնտեսական են։

Այս մասին ՀՀ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսին Մարիա Կարապետյանը՝ համոզմունք հայտնեց, որ Հայաստանին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել նաև իր շուկաները։

«Սա ուղիղ կապ ունի անվտանգության հետ թե՛ տնտեսության հաշվին գեներացված եկամուտների միջոցով մեր անվտանգային կարիքները հոգալու, թե՛ ներդրումային միջավայրի միջոցով անվտանգային հավելյալ երաշխիքներ Հայաստանի համար ստեղծելու առումներով։ Եվ, առհասարակ, տնտեսությունն անշուշտ կարևոր բաղադրիչ է անվտանգության ապահովման համար»,- ասաց Կարապետյանը՝ հույս հայտնելով, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպմանը կքննարկվեն նաև անվտանգությանն ուղիղ վերաբերող հարցեր և միջազգային գործընկերների կողմից Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը նպաստելուն վերաբերող  հարցեր։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը հայտնեց նաև, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարց ներկայում չկա և չի քննարկվում։

  • Կիսվել: