կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Սևանա լիճ է բաց թողնվել 87.300 հատ Սևանի իշխանի մանրաձուկ

Սևանա լիճ է բաց թողնվել 87.300 հատ Սևանի իշխանի մանրաձուկ

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը, որը նպատակ ունի ևս մեկ անգամ կարևորել կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և նորարարական որոշումների ընդունումը, որոնք կմեղմեն կորուստների վտանգը:

Օրվա խորհրդի համատեքստում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուր համայնքում տեղակայված մանրաձկան գործարանից Սևանա լիճ բաց թողնվեց 87.300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակ:

Ինչպես հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, բնապահպանական միջոցառմանը մասնակցել են նախարար Հակոբ Սիմիդյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ներկայացուցիչներ Շրջակա միջավայրի նախարարությունից, «Սևան» ազգային պարկից:

Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճի կենսաբազմազանության ամբողջականության կարևոր բաղկացուցիչ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։

  • Կիսվել: