շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Սա մեր վերջին կացարանն  է». Ֆիրդուսի-13 հասցեի բնակիչներն այլ տեղ չունեն գնալու

«Սա մեր վերջին կացարանն է». Ֆիրդուսի-13 հասցեի բնակիչներն այլ տեղ չունեն գնալու

Մենք 9 բնակիչ ենք՝ 4 անչափահաս, 5 չափահաս, ընտանիքի անդամներից մեկը զինհաշմանդամ է: Մեզնից ոչ ոք «Էլիտ գրուպից» անգամ 100 դրամ փոխհատուցում չի ստացել: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ֆիրդուսի 13 հասցեի բնակիչ Նարինե Գրիգորյանը:

Տանտիրուհին՝ Մարիամ Սարգսյանը, պնդում է, որ տունն  ազատելու պահանջն ապօրինի է, քանի որ կազմակերպությունից փոխհատուցում չեն ստացել: Բնակիչների խոսքով տարիներ առաջ, երբ «Էլիտ գրուպը» հանրային շահ ճանաչված տարածքի համար փոխհատուցել է տան սեփականատիրոջը՝ Նարինեի հորեղբորը, իրենց նույնպես՝ որպես հասցեում գրանցված և բնակվող անձանց, խոստացել են փոխհատուցում տրամադրել: Սակայն մինչ օրս ոչինչ չեն ստացել:  Այսօր «Էլիտ գրուպը» բնակիչներից պահանջում է ազատել բնակարանը:

«41 տարի այստեղ ենք ապրում, կոմունալ բոլոր վճարները մուծում եմ , թուղթ ունենք, որ այստեղ ապրում ենք: Տեղ չունենք գնալու, դիվանս ու լվացքիս պարանները տանելու եմ դնեմ Կառավարության շենքի մոտ, այնտեղ էլ լվացքս կախեմ»,-ասում  է Մարիամ Սարգսյանը:

Էլիտ գրուպի աշխատակից Գուրգեն Հովհաննիսյանը պնդում է, որ փոխհատուցման պահին  սեփականատիրոջից բացի ոչ ոք գրանցված չի եղել տանը, գույքն էլ սեփականության իրավունքով սեփականատիրոջից փոխանցվել է «Էլիտ գրուպին»:

«Մոտ 6 տարի առաջ տան սեփականատերը ամբողջ գույքի չափով փոխհատուցում է եղել: «Էլիտ գրուպը» տվյալ անձանց գումարային պարտք չունի:  Կազմակերպությունը մեկ տարի ժամանակ էր տվել բնակիչներին բնակարանը լքելու համար:

Ֆիրդուսի 13 հասցեում գտնվող բնակարանի տեղում բնակելի շենք է կառուցվելու: Գուրգեն Հովհաննիսյանի խոսքով, տարածքում գտնվող և արդեն Էլիտ գրուպին պատկանող մյուս տներում նման խնդիր չկա, խնդիրը միայն այս տան բնակիչների հետ է:

  • Կիսվել: