երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստան ենք հրավիրում  աշխարհի բոլոր ավիաընկերություններին. Փաշինյան

Հայաստան ենք հրավիրում աշխարհի բոլոր ավիաընկերություններին. Փաշինյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Պետական տուրքի մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է օդային տրանսպորտով ելքի համար վճարվող պետական տուրքից ազատել, երբ անձը կօգտվի այնպիսի ավիաընկերության կողմից նոր շահագործվող ուղղությամբ կատարվող թռիչքներից, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվացվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ օդի տուրքի ձևով 11-12 մլրդ դրամ է բյուջե մուտք լինում: Ըստ նրա՝ բոլոր հիմնավորումները կան, որ այս արտոնությունը տրամադրելու պարագայում ունենալու են դրական էֆեկտ՝ հաշվի առնելով, որ այս կարգավորումը նպաստելու է նոր շուկաների ձևավորմանն ու առկա շուկաների խթանմանը:

«Սա հնարավորություն է ստեղծում, որ ՀՀ-ում առաջանա մրցակցային մթնոլորտ, որ նոր ուղղություններով չվերթներ ունենանք»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց՝ կայացվել է քաղաքական որոշում, որ եթե կբացվի վերջին 12 ամսվա ընթացքում չսպասարկված որևէ նոր ուղղություն որևէ ավիաընկերության կողմից, կառավարության կողմից օդի տուրքը այդ ուղղությունների համար կհանվի: Ըստ նրա՝   այս պահին կա մեկ ավիաընկերություն, որը կայացրել է Երևան  և Գյումրի չվերթներ իրականացնելու որոշումներ։

Վարչապետը հիշեցրեց, որ երբ RyanAir ընկերության Հայաստան մուտքի մասին հայտարարվեց, խոսակցություններ եղան, թե այդ ընկերությանը արտոնություն է տրվում։

«Արտոնություն չի տրվում RyanAir-ին։ Մենք հրավիրում ենք աշխարհի, առանց բացառության, բոլոր ավիաընկերություններին։ Որոշ բացառություններ կլինեն` կապված մեր ազգային անվտանգության շահերի հետ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ սա ազդեցություն է ունենալու ավիատոմսերի գնագոյացման  և ընդհանրապես տնտեսական ակտիվության զարգացման առումով։

Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն էլ հայտնեց, որ  ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը որոշել է բացել նոր չվերթ դեպի Կալուգա, «Էյր Բալթիկ»-ը նույնպես  նոր ուղղություն է բացելու: «Հաստատված 8 նոր ուղղություն ունենք, բայց նախատեսում ենք, որ մինչև ամառային սեզոնի բացվելը կլինի 10-ից ավելի»,- ընդգծեց նա։

Նա նաև նշեց, որ RyanAir-ն արդեն հաստատել է չորս ուղղություն, բայց նախատեսում է ավելացնել ևս երեքը:

Սուրեն Պապիկյանն էլ տեղեկացրեց, որ տեղական ընկերություններից ևս հետաքրքրություն կա 10 նոր ուղղությունների մասով։

Վարչապետի խոսքով՝ եթե այդ ամենն իրականություն դառնա, դա կլինի ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն։

  • Կիսվել: