ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսաստանի հետ հարաբերությունները զգալիորեն ուժեղացնում են Հայաստանի տնտեսական դիրքերը․ Թավադյան

Ռուսաստանի հետ հարաբերությունները զգալիորեն ուժեղացնում են Հայաստանի տնտեսական դիրքերը․ Թավադյան

Հայաստանի գլխավոր շուկան՝ ավանդաբար ռուսական շուկան է: Ռուսաստանի հետ հարաբերությունները զգալիորեն ուժեղացնում են երկրի, մասնավորապես, տնտեսական անվտանգությունը և նպաստում է ՀՆԱ-ի աճին ու կառուցվածքի բարելավմանը, արտահանման աճի ապահովմանը, առևտրական բալանսի դեֆիցիտի և, իհարկե, բնակչության զբաղվածության խնդիրների լուծմանը: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց տնտեսագետ, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Ըստ նրա, Հայաստանին անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել ԵԱՏՄ-ի, հատկապես ռուսական շուկայի հնարավորությունները: Առանց Ռուսաստանի շուկայի Հայաստանին բավական բարդ կլինի ավելացնել իր պատրաստի ապրանքների արտահանումը:

Թավադյանի խոսքով, 2019թ. դեպի Ռուսաստան մեր արտահանումը մեծացել է առաջանցիկ տեմպերով, կազմելով 718 մլն դոլար և աճելով 10,2%: Ռուսաստանը մեր արտահանման գլխավոր երկիրն է, նրան հաջորդում են Եվրոպական Միության երկրները, Իրանը և Միջին Արևելքի երկրները, Չինաստանը, և այլ երկրներ: Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանից ներկրումն աճել է 16,9% և կազմել է 1,631 մլրդ դոլար: Ռուսաստանից հետո հաջորդ տեղերը զբաղեցնում են Եվրոպական Միությունը, Իրանը և Միջին Արեւելքի երկրները, այնուհետ՝ Չինաստանը և այլ երկրներ:

«Ընդհանուր առմամբ Հայաստանի արտահանումը 2019թ. ավելացել է 9,3%-ով, իսկ ներկրումը` 10,9%: Դրամի կայունության պայմաններում այս ազդեցիկ ցուցանիշները ձեռք են բերվել հիմնականում դեպի Ռուսաստան, մասնավորապես նաև դեպի Չինաստան արտահանման ծավալների աճի շնորհիվ»,- ներկայացրեց Թավադյանը:

Էապես աճել է զբոսաշրջիկների թիվը: Բանախոսը տեղեկացրեց, որ Հայաստանը երրորդ տարին է քայլ առ քայլ մոտենում է 2 մլն զբոսաշրջիկ խորհրդանշական սահմանին. 2019թ. հանրապետությունն ընդունել է 1894377 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա հետ համեմատած ավելի է 14,7%-ով: Ռուսաստանցի զբոսաշրջիկները կազմում են արտասահմանյան զբոսաշրջիկների ամենամեծ խումբը.

«Չենք կարող չնկատել, որ զբոսաշրջության աշխարհագրության և ֆինանսական կողմի վիճակագրական տվյալները շարունակում են մնալ անհասանելի կամ շատ ուշացած, ինչը խնդիր է ստեղծում ոլորտի թափանցիկությունը գնահատելու համար»:

Բացի այս, Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական պատրաստի արտադրանքի գլխավոր շուկան: Բոլոր տրանսֆերտների 63-65% Հայաստան է մտնում Ռուսաստանից: Էներգոռեսուրսների ճնշող մեծամասնությունը ստացվում է ՌԴից (գազ՝ 90%, միջուկային վառելիք՝ 100%): Ռուսական ընկերություններին է բաժին ընկնում մեր տնտեսության մեջ ուղիղ ներդրումների 51%: Եվ շատ կարևոր է իմանալ, որ ռուսական վարկերը նպատակային են և ծառայում են տնտեսության զարգացմանը, ընդգծեց Թավադյանը:

«2019թ. հոկտեմբերի 1-ին Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում վարչապես Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը տտրամադրված է առավելագույնս արդյունավետ դարձնել Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ում և գործադրելու է բոլոր ջանքերը համագործակցության մեխանիզմների կատարելագործման և չորս ազատությունների գործնականում հասանելիության համար: Հայաստանի գրավչության մեծացմանը չեն կարող չնպաստել կոռուպցիայի մակարդակի էական նվազեցման հրապարակված ցուցանիշները: Թրանսփերենսի ինթերնեշնըլը վկայում է, որ կոռուպցիայի ընկալման ինդեքսը Հայաստանում կազմել է 42, և մենք նախկինում 105-րդ տեղից բարձրացել ենք 77 տեղը, ինչն ունի առանցքային նշանակություն ներդրումային միջավայրի բարելավման համար: Եվրասիական փորձագիտական ակումբի տնտեսագետները համոզված են, որ միանգամայն իրատեսական է խնդիր դնելը մտնելու կոռուպցիայից «մաքուր» 50 երկրների ցանկի մեջ: Սրա համար անհրաժեշտ է պետության և վերնախավի քաղաքական կամքը»,- շեշտեց նա:

Աշոտ Թավադյանը նաև ասաց, որ շատ կարևոր է, որ Հայաստանը և Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակներում միասին աշխատեն որոշակի սահմանափակումները լիակատար կերպով վերացնելու համար: Հայաստանի կողմից առևտրական այդ սահմանափակումների թիվը կազմում է 47, Ռուսաստանի կողմից՝ 55: Սրա համար հարկավոր է նախևառաջ համաձայնեցված հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության իրականացում:

«Տնտեսական զարգացման ցուցիչներ հանդիսացող այս բոլոր թվերի և ցուցանիշների ներքո առաջանում է բնական հարց. որտե՞ղ է թաքնված տնտեսական զարգացման համար դեռևս չօգտագործված ներուժը և ի՞նչ գործիքակազմով է հարկավոր ճանապարհ բացել կայուն և նշանակալից տնտեսական առաջընթացի համար»,- հավելեց Թավադյանը:

Նշենք, որ Եվրասիական փորձագիտական ակումբը արդեն հինգերորդ անգամ ամփոփել է Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: