երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քննարկվել է BEPS հարթակին ՀՀ անդամակցության հարցը

Քննարկվել է BEPS հարթակին ՀՀ անդամակցության հարցը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտին, տեղեկացնում է Կառավարության կայքը:

Ողջունելով պարոն Շուկնեխտկին՝ փոխվարչապետը կարևորել է ՏՀԶԿ-ի հետ տարբեր հարթակներում ձևավորված կառուցողական համագործակցությունը: Փոխվարչապետը ներկայացրել է հարկային վարչարարության և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ արդեն իսկ իրականացվող և առաջիկայում իրականացվելիք բարեփոխումները:

Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ Հայաստանի հետ ձևավորվել է հաջող համագործակցություն և ՏՀԶԿ-ի համար ակնհայտ են Կառավարության՝ երկրի զարգացմանը միտված քայլերը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են այս տարի փետրվարին ՏՀԶԿ BEPS (հարկման բազայի քայքայման և շահույթի տեղափոխման) ներառական հարթակին Հայաստանի անդամակցությունը և առաջիկայում դրանով պայմանավորված գործողությունների արդյունավետ և ժամանակին իրականացումը:

Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը, կարևորելով այս հարթակին Հայաստանի անդամակցությունը, այն նաև որպես միջոցառում ներառել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզում:

 

Մհեր Գրիգորյանը և Լյուդգեր Շուկնեխտը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև տնտեսության թվայնացման կարևորությանը, կապիտալ շուկայի զարգացմանը, կանխիկի շրջանառության կրճատմանը և Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման հնարավորություններին: 

  • Կիսվել: