հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՓՄՁ-ների կողմից գնումների համակարգի նկատմամբ ցածր հետաքրքրվածություն կա. Արտակ Մանուկյան

ՓՄՁ-ների կողմից գնումների համակարգի նկատմամբ ցածր հետաքրքրվածություն կա. Արտակ Մանուկյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, որը նախկինում ուսումնասիրում էր պետական գնումների համակարգը, կարևորում է պետական գնումների համակարգում փոքր և միջին ձեռնարկությունների  հետաքրքրության աճը, բողոքարկման համակարգի կատարելագործումն ու հաշվետվողականության բարձրացումը:

«Կանաչ գնումները ԵՄ երկրների և տարբեր համաձայնագրերով կարևորվում են: Մեր օրենսդրությունն էլ, կարծես թե, դրա մասին խոսում է, օրինակ՝ որոշակիորեն անդրադառնում է պետական գնումներով էներգաարդյունավետության ապահովմանը, այնուամենայնիվ, այդ համալիր փաթեթները չկան»,-ասաց Մանուկյանը՝ «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների մեկնարկին:

Ըստ պատգամավորի, պետք է ապահովել ավելի լավ մրցակցային միջավայր, պետք է նպաստել, որ համակարգն ավելի գրավիչ դառնա: Մանուկյանը նաև կարևորեց  բողոքարկման համակարգի կատարելագործումը:

«Ես անձամբ մոնիտորինգ եմ արել, տեսել եմ, որ համանման բողոքի մասով բողոքը քննող նույն անձը հաճախ տարբեր որոշումներ է կայացնում: Հարց է առաջանում, թե որն է այն ռացիոնալ հիմքը, որ մենք կարողանանք զսպել ինչ-ինչ գայթակղությունները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հաշվետվողականությանն ու թափանցիկությանը, ապա ըստ պատգամավորի այս առումով մեծ աշխատանք կա:  «Ամեն ինչ ավտոմատացնելու գայթակղությունը մեծ է, բայց տվյալների մուտքագրման որակը, իմ կարծիքով, դեռևս մնում է խնդրահարույց»,-ասաց Մանուկյանը:

Նա նաև ընդգծեց, որ ՓՄՁ-ների կողմից գնումների համակարգի նկատմամբ ցածր հետաքրքրվածություն կա, հետևաբար, ըստ պատգամավորի, այս ուղղությամբ անելիք կա:

  • Կիսվել: