երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պետական գնումների ոլորտում նախատեսվում է բողոքարկումներն իրականացնել բացառապես դատարանների միջոցով

Պետական գնումների ոլորտում նախատեսվում է բողոքարկումներն իրականացնել բացառապես դատարանների միջոցով

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական գնումների ոլորտի կարգավորմանը վերաբերող մի խումբ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում», «Գնումների մասին» ՀՀ օրենքում, «Պետական տուրքի մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքներում: Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ պետական գնումների համակարգում նախատեսվում է չունենալ բողոքների քննության արտադատական համակարգ:

«Բողոքների քննության լիազորությունը առաջարկում ենք վերապահել բացառապես դատարաններին՝ դատական քննության համար սահմանելով որոշումների կայացման արագացված ընթացակարգ», -ասաց Շահնազարյանը:

Բացի այդ, եթե գործող կարգի շրջանակներում գնումների արդյունքների վերաբերյալ բողոք կարող է ներկանացնել ցանկացած անձ, ապա առաջարկվում է, որ դատարան բողոքը կարող է ներկայացնել շահագրգիռ անձը կամ հասարկական կազմակերպությունը: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ, Շահնազարյանն ասաց, որ 2017-ին գնումների արդյունքների վերաբերյալ եղել է 117 բողոք, որից բավարարվել է 66-ը, 2018-ին 241 բողոք, որից բավարարվել է 113-ը, իսկ 2019-ին բողոքարկումների թիվը եղել 259: Դրանցից բավարարվել են 146-ը:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արտադատական բողոքարկման համակարգն արդյունավետ չէ, իսկ կայացրած որոշումները՝ խնդրահարույց: Հաճախ կայացվում են հակասական որոշումներ կամ գնման ընթացակարգերը հայտարարվում են չկայացած, իսկ դա գնումները կազմակերպելու և անցկացնելու տեսանկյունից հանգեցնում է ծրագրերի ձախողման, դժգոհությունների և ֆինանսական կորուստների», -հավելեց ՖՆ պաշտոնյան:

  • Կիսվել: