երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նոր տարվանից հետո շաքարը կթանկանա. Գեղամ Գևորգյան

Նոր տարվանից հետո շաքարը կթանկանա. Գեղամ Գևորգյան

ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունների արդյունքում հստակ կարող են ասել, որ չեն գտել որևէ դեպք, երբ կարագի փոխարեն վաճառվում է այլ բան: Այս մասին այսպր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Անդրադառնալով շաքարավազի շուկային՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ այստեղ գնի կտրուկ իջեցում կա, ինչը տնտեսության համար այնքան էլ լավ չի։

«Այս պահին շաքարի գինը 2017թ. հունվարի 391 դրամից իջել է 229 դրամ, հիմա 209 դրամով էլ կա, և սեզոնային բնույթով իջեցումները բերում են խնդիրների։ Հունվարին, Նոր տարվանից հետո, կարծում ենք, որ շաքարը կթանկանա, որովհետև այս իջեցումը բնական չի համարվում, ՌԴ-ից մեծ պաշարներ էժան գնով մտնում են Հայաստան: Ես հասկանում եմ, որ գնորդների համար գների իջեցումը լավ է, բայց տնտեսության համար այդքան էլ լավ չէ»,- նշեց նա։

Գեղամ Գեղամյանը նաև ասաց, որ ՀՀ-ում արտադրված շաքարի ինքնարժեքն ավելի բարձր է, քան ներմուծվածը, ինչը ևս լուրջ խնդիր է։

Անդրադառնալով բենզինի, դիզելային վառելիքի շուկաներին՝ հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ բենզինի շուկայում կա մեծ կենտրոնացվածություն, Հայաստան հիմնական բենզին ներկրողը «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությունն է, որից հայկական ընկերությունները ձեռք են բերում բենզին։

Ի տարբերություն բենզինի, դիզելային վառելիքի շուկայում իրավիճակն ավելի լավ է: Այս տարի, ըստ նրա, արդեն 18 ընկերություն դիզելային վառելիք է ներմուծել Հայաստան։ «Իհարկե դրանց մասնաբաժինները բավական փոքր են, շուկայի վրա որևէ ազդեցություն չեն դրսևորել, և այս շուկայում ևս հիմնական խաղացողները հանդիսանում են  երեք ընկերություն»,- ասաց նա։  

Գեղամ Գևորգյանը նաև նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքում խնդիրներ  են հայտնաբերել բենզալցակայաններում։ Դրանք վերաբերում են տեղակաված դիրքին, սանիտարահիգիենիկ պայմաններին։

 

  • Կիսվել: