երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀԴՄ կտրոն չտպելու որևէ դեպք բարոյական արդարացում չի ունենալու. Փաշինյան

Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀԴՄ կտրոն չտպելու որևէ դեպք բարոյական արդարացում չի ունենալու. Փաշինյան

«Սկզբունքորեն սրանք վատ ցուցանիշներ չեն, սրանք չափազանց լավ ցուցանիշներ են, բայց մենք պետք է հարց տանք, թե արդյոք, ընդհանուր առմամբ, գոհ ենք այս ցուցանիշներից, արդյո՞ք մտածում ենք, որ բոլոր առևտրային գործարքներն արվում է հաշիվ-ապրանքագրի դուրսգրմամբ, և մենք բոլորս գիտենք, որ ոչ, այսինքն՝ հսկայական ստվերային  առևտրաշրջանառություն կա մեր երկրում, չնայած աճը տպավորիչ է»,-այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համամետ տպագրվել է 106․609․299 ՀԴՄ կտրոնով ավելի:

Ըստ նրա՝ դա աստղաբաշխական թիվ է, և այդ ՀԴՄ կտրոններով արձանագրվել է շուրջ 303 միլիարդ դրամ ավելի առևտրաշրջանառություն: Սա, վարչապետի խոսքով, շատ լավ է։ «Մենք բավականին լավ վիճակագրություն ունենք հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դինամիկայի առումով եւ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ավելի է դուրս գրվել 18 միլիոն 425 հազար 72 հաշիվ ապրանքագիր»,-ասաց Փաշինյանը»։

Վարչապետը հավելեց. «2020 թվականի հունվարի 1-ից` Նոր տարվա զանգերը խփելուց հետո, ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որևէ պարագա, որը որևէ բարոյական, սոցիալական կամ որևէ առումով ներման ենթակա լինի»։

Նա ընդգծեց, որ ՀԴՄ չթողարկող գործարարը գողանու է զինվորից։  «Գալու է 2020 թվականը` Նոր տարի, և գալու է նոր մոտեցումը ՀԴՄ կտրոնների վերաբերյալ, ՀԴՄ կտրոն չտպելու որևէ դեպք բարոյական արդարացում չի ունենալու։ Ովքեր ասում են, թե հացի փող են աշխատում, հիմա ՀԴՄ-ները պարտադիր պետք է տրամադրեն, որպեսզի տեսնենք, որ իրենք հացի փող են աշխատելու: Այս փոքր ձեռնարկությունների տերերը պետք է իմանան, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար լինելու է վարչական պատասխանատվություն, և դա չի լինելու ուղղակի ՀԴՄ կտրոն չթողարկելու համար, այլ զինվորից գողանալու համար է լինելու, զինվորի փամփուշտը, զինվորի հացը, արժանապատիվ հագուստը գողանալու համար»:

  • Կիսվել: