երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեկ ռեստորան ու հյուրանոց արդեն փակվել են, կորուստներ դեռ շատ են լինելու. Աշոտ Բարսեղյան

Մեկ ռեստորան ու հյուրանոց արդեն փակվել են, կորուստներ դեռ շատ են լինելու. Աշոտ Բարսեղյան

Հանրային սննդի փորձագետ, Աշոտ Բարսեղյանը արտակարգ դրության երկրորդ օրը շարունակում է տեղեկություններ ստանալ երևանյան ռեստորանների գործունեության մասին ու դրանք հուսադրող չեն:
 
InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում Բարսեղյանը նկատեց, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո երևանյան ռեստորանների 25-30 տոկոսը միայն շարունակեցին աշխատանքը, բայց հաճախելիությունն է կտրուկ նվազել:
 
«Եթե շատ պանիկա չլինի, վարակակիրների թիվը չաճի ու իրավիճակը վերահսկելի լինի, հնարավոր կլինի վերականգնել հաճախելիությունը: Այդ դեպքում հնարավոր կլինի որոշ ծախսեր փոխհատուցել: Բայց ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ առնվազն 1-2 ամիս ծանր է լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց Աշոտ Բարսեղյանը:
 
Նրա ներկայացմամբ, վերջին օրերին արդեն մեկ ռեստորան փակվել է, քանի որ մինչև հոկտեմբեր արված ամրագրումները չեղարկվել են, Ծաղկաձորում փակվել է նաև հյուրանոցներից մեկը։
 
«Ռեստորանների մասով մենք կունենանք զգալի անկում, և ես չեմ վախենում կանխագուշակել, որ նրանց մի մասը չի դիմանա ու կփակվի»,- ասաց մասնագետը:
 
Հարցին, թե կառավարությունն ի՞նչ կարող է անել ստեղծված իրավիճակում՝ Բարսեղյանը նկատեց, որ պետությունն այս դեպքում պետք է փորձի հարկերի, տուրքերի մասով ընդառաջի ռեստորանատերերին, օրինակ՝ աշխատողների եկամտահարկը չգանձի, ների կոմունալ որոշ ծախսեր և այլն:
 
«Գոնե պետք է փորձել փրկել թույլերին: Եթե խոշոր ռեստորանատերերը կդրսևորեն ճկունություն, ապա թույլերը, փոքրերը չեն կարող նման իրավիճակից կորուստներով դուրս չգալ», -հավելեց նա՝ ընդգծելով, որ այս սեզոնը հանրային սննդի վայրերի համար ամենաեկամտաբեր ժամանակահատվածն է, հետևաբար կորուստը շատ մեծ է լինելու:
 
Մասնագետը մեկ այլ խնդիր էլ մատնանշեց. «Այն հանրային սննդի կետերը, որոնք արտակարգ դրության ժամանակահատվածում որոշել են աշխատել, չունեն Առողջապահության նախարարության կողմից կազմված ուղեցույցներ: Երևանում ռեստորանների մեծ մասը չունի ջերմություն չափող ինֆրա-կարմիր սարքեր, մինչդեռ դրանք կարող էին բաժանվել և հորդորել չափել հաճախորդների ջերմությունը՝ մտնելուց առաջ:
 
Բացի այդ, կարող էին պատրաստել ու բաժանել ուղեցույց՝ ինչպես կազմակերպել խոհանոցի աշխատանքը արտակարգ դրության ժամանակ, ինչպես ու ինչ հեռավոության վրա դասավորել սեղանները, ինչքան մարդ ընդունել կամ չընդունել: Բայց հիասթափեցնող է, որ Առողջապահության նախարարությունը նման քայլեր չի ձեռնարկել», - ընդգծեց Աշոտ Բարսեղյանը:
 
Նկատենք՝ արտակարգ դրությունը, որը հաստատվել էր երկրում կորոնավիրուսի ներթափանցման հետևանքով, շարունակվելու է մինչև ապրիլի 14-ը: Շատ ռեստորաններ ենթադրել են, որ արտակարգ դրության ընթացքում պետք է ամբողջապես փակվեն, սակայն հետագայում պարզ է դարձել, որ այնուամենայնիվ, նրանք գործելու են:
 
Նշենք, որ արտակարգ դրության մասին որոշման համաձայն, հանրային սննդի և ժամանցի վայրերի օբյեկտները կարող են փակվել պարետի առանձին կարգադրության համաձայն: Նման կարգադրություն սակայն դեռ չկա:
 
 
 

  • Կիսվել: