շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ նախագիծ է ներկայացրել

«Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ նախագիծ է ներկայացրել

«Մայր Հայաստան» խմբակցությունը դեմ է հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը և առաջարկում է իր նախագիծը: Խմբակցությունը կարծում է՝ տրանսպորտային համակարգում, որպես սոցիալական ուղղություն, պետք է և՛ քաղաքային, և՛ պետական բյուջեից կատարվեն սուբսիդավորումներ:

Այս մասին հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ Երևան քաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի փոփոխության վերաբերյալ քննարկման ժամանակ:

Նա ընդգծեց, որ հանրային տրանսպորտի բարեփոխումը համալիր գործընթաց է, որը ենթադրում է տրանսպորտային  ուղիների հստակեցում և ուղևորափոխադրումների ճիշտ կառավարում, փողոցների բեռնաթափման քաղաքականություն և տրանսպորտային միջոցներին առանձին  գծերի հատկացում:

«Տրանսպորտային բարեփոխումը նշանակում է նաև կանգառների վերազինում և ժամանակակից պայմանների ներդրում: Տրանսպորտային այնպիսի միջոցների ձեռքբերում, որոնք կլինեն արդյունավետ և պահպանման առումով էլ շատ մեծ ծախսեր չեն առաջացնի քաղաքային  բյուջեի համար: Տրանսպորտային համակարգը սոցիալական ուղղություն է և ցանկացած պարագայում, թե՛ տեղական, թե՛ նույնիսկ պետական բյուջեից պետք է կատարվեն հատկացումներ, որպեսզի քաղաքային տրանսպորտի գինը չթանկանա»,- նշեց Թևանյանը:

Ըստ «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացրած նախագծի՝ պետք է ներդրվի միասնական տոմսային համակարգ, պետք է թոշակառուներին և առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամներին տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն տրվի:

«Ինչպես նաև, հնարավորություն կտանք  քաղաքացուն ընտրություն կատարել: Օրինակ, եթե օրվա մեջ մեկ կամ երկու անգամ է օգտվում քաղաքային տրանսպորտից, ապա վճարում է իր 50 կամ 100 դրամը և իր ծառայությունը ստանում է. մեր նախագծով մենք առաջարկում ենք քարտային համակարգ, որը ակտիվացման պահից սկսած մեկ օրվա համար կարժենա 400 դրամ և 24 ժամվա ընթացքում կկարողանան օգտվել 4 և ավելի անգամներ: 7 օրվա համար մենք առաջարկում ենք ակտիվացման պահից սկսած անսահմանափակ օգտվել 2000 դրամով, 30 օրվա համար՝ անսահմանափակ օգտվել տրանսպորտային բոլոր միջոցներից՝ 5500 դրամով: Կես տարվա համար առաջարկում ենք 20 հազար դրամ նույնպես առանց սահմանփակման, իսկ  մեկ տարվա համար՝ 35 հազար դրամ. սա այն դեպքում, երբ քաղաքացին որոշում է տարեկան վճար կատարել և ձեռք բերել քարտ»,- ասաց նա

Անդրանիկ Թևանյանը նշեց, որ նախագիծը կազմելիս ուսումնասիրել ու համեմատել են Վրաստանի մայրաքաղաքի տրանսպորտի գինը, առաջարկելով Թբիլիսիում գործարկվող սակագնից ավելի ցածր արժեք: Նա  ընդգծեց՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ու Վրաստանը համարժեք երկրներ են պետք է բոլոր առումներով մրցունակ լինել:

  • Կիսվել: