շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարտի 1-ից «Վագա Ֆարմի» դեղատնային ցանց եկել է 292 էլեկտրոնային  դեղատոմս, որից 88-ը սխալ. Դա 30 % է կազմում. Գրիգորյան

Մարտի 1-ից «Վագա Ֆարմի» դեղատնային ցանց եկել է 292 էլեկտրոնային դեղատոմս, որից 88-ը սխալ. Դա 30 % է կազմում. Գրիգորյան

Փետրվարի 29-ից մարտի 1-ը «Արմեդը» ստացել էր 700 դեղատան հայտ: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, «Էլեկտրոնային դեղատոմսեր. խնդիրնե՞ր, թե՞ առավելություններ» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը:

«Կարո՞ղ էին նույնիսկ փետրվարի 1-ից դիմել «Արմեդ»՝ միանալու ծրագրին: Չէ, դեղատները սպասում են, որ փետրվարի 29-ին, երբ կառավարության որոշմամբ հաստատվեց, այդ օրը գիշերը «Արմեդ» համակարգն ստացել է 700 դիմում՝ պայմանագիր ունենալու համար»,-ասաց նա:

Իր հերթին «Վագա Ֆարմ» դեղատնային ցանցի պատասխանատու Վահան Գրիգորյանն ասաց, որ թեեւ գաղափարը լավն է, բայց սխալ ձեւով է կիրառվում. «Պետք է էլեկտրոնային դեղատոմսին անցելուց առաջ լիներ միջանկյալ փուլ՝ թղթային փուլ: Այդ փուլը չի ստացվել: Համապատասխան ձեւով գրված դեղատոմսեր ես չեմ տեսել: Այսինքն չի աշխատել, ու այդ չաշխատած վիճակում անցել ենք վերջին փուլին: Հիմա առնվազն  750 դեղատուն «Արմեդին» կպած չի: Բացի այդ, կան բժշկական կենտրոններ, որ «Արմեդին» կպած չեն: Խնդիրը եղել է ոչ պատշաճ տեղեկատվություն տալու մեջ: Ես փետրվարի  վերջին խոսել եմ 6 բժշկի հետ, միայն մեկն է տեղյակ եղել:

Մարտի 1-ից մինչ օրս «Վագա Ֆարմի» դեղատնային ցանց եկել է 292 էլեկտրոնային  դեղատոմս, որից 88-ը սխալ, որը 30 տոկոսն է կազմում: 204-ը ճիշտ է եղել եւ սպասարկվել է: Միջինում ստացվում է, որ մեր ցանց գալիս է օրական 9 դեղատոմս: Մենք ունենք 67 դեղատուն, ամեն դեղատոն օրական գոնե մեկ  էլեկտրոնային դեղատոմս չի սպասարկում: Սա խոսում է այն մասին, որ իրականում փաստացի բժիշկները տեղյակ չեն: Սա գալիս է նրանից, որ տեղեկատվությունը կազմակերպվել է զում-ով: Իմ կարծիքով զում-ով չեն տեղեկացնում: Պետք է համապատասխան մասնագետը պոլիկլինիկաներում շրջեր, մարդկանց բացատրեր»,-ասաց նա՝ նշելով, որ զում-ով հանդիպումներին շատ քիչ մարդ է մասնակցել:

Մարինե Հարությունյանը նախ հակադարձեց, որ «Արմեդին» չմիացած դեղատների թիվը արդեն նվազել է 750-ից, ապա հավելեց. «Վարչական  իրավախախտումների մասին օրենսգրքով կան տուգանքներ եւ տույժեր՝ նախատեսված դեղատների համար: Այսինքն այն դեպքում, երբ դեղատնից բաց կթողնվի դեղը առանց դեղատոմսի, տվյալ դեղատունը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով»:

  • Կիսվել: