երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մաքսային և հարկային ծառայողների զենք կրելը նոր կարգավորում չէ. ՊԵԿ պարզաբանումը

Մաքսային և հարկային ծառայողների զենք կրելը նոր կարգավորում չէ. ՊԵԿ պարզաբանումը

Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ մաքսային եւ հարկային մարմիններում զենք կրելու, պահելու, օգտագործելու եւ զենքին առնչվող այլ հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որոշման նախագիծը իրավական նոր կանոնակարգում չէ:

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ հանրային քննարկման դրված նախագիծը կոչված է վերոնշյալ   հարաբերությունները հստակեցնել եւ համապատասխանեցնել գործող կարգավորումներին:

Հիշեցնենք, որ հարկային ծառայողներին զենք տրամադրելու, զենքը պահելու, կրելու եւ օգտագործելու իրավունքը սահմանված է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով, իսկ մաքսային ծառայողների դեպքում՝ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով, որոնք սկսել են գործել համապատասխանաբար 2002թ․ եւ 2008թ․:

Ներկայում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց զենքով ապահովելու եւ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում զենք պահելու, կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների եւ նրանց կողմից օգտագործվող զենքի եւ հատուկ միջոցների տեսակների, ձեւերի, մոդելների ցանկն ու քանակը սահմանելու հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 1-ի թիվ 656» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի թիվ 201-Ն» որոշումներով, որոնց ընդունումը բխում է հարկային եւ մաքսային ծառայություններին վերաբերող օրենքների պահանջներից, որոնց դրույթները զենքի եւ ռազմամթերքի մասով կա՛մ ուժը կորցրած են ճանաչվել, կա՛մ փոփոխվել եւ լրացվել են:

Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկային եւ մաքսային ծառայությունները ներառող մարմին է՝ անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ հարաբերությունները կարգավորել միասնական ակտով:

Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, սահմանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զենք (զինամթերք) կրելու, պահելու եւ օգտագործելու իրավունք ունեցող մաքսային եւ հարկային ծառայողների պաշտոնների ցանկը, մաքսային եւ հարկային ծառայողների կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձեւը, մոդելը եւ քանակը, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային ծառայողներին զենքով եւ ռազմամթերքով ապահովելու (տրամադրելու), պահելու, կրելու եւ օգտագործելու կարգը:

 

  • Կիսվել: