չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մալուխներ, կահույք, թղթյա պարագաներ արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. Խոստանում են 17 մլրդ դրամի ներդրում

Մալուխներ, կահույք, թղթյա պարագաներ արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. Խոստանում են 17 մլրդ դրամի ներդրում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում մի շարք ընկերությունների ազատեց ներմուծման մաքսատուրքից:

Մասնավորապես, մաքսատուրքից ազատվեց «ԻՆ-ՎԻ» ՍՊԸ-ն, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մալուխների և հաղորդալարերի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2011թվականին։

 

Արդեն իսկ իրականացվել է 5․6 մլրդ դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման, ինչպես նաև 368 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 16 մլրդ դրամի ներդրում հումքի (ներառյալ ներմուծվող հումքի արժեքը) ձեռքբերման և 800 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման և նոր արտադրամասերի կառուցման համար։

Ներկայումս առկա է 92 աշխատատեղ՝ 375 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 105-ի՝ 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 525 մլն դրամ:

Մաքսատորիքից ազատվելու արտոնություն ստացավ նաեւ «ԱԱՍ ԻՆԴՈՒՍՏՐՅԱ» ՍՊԸ-ն, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ջերմազգայուն թղթի, ինքնասոսնձվող ջերմազգայուն պիտակի թղթի, ալյումինե տարաների կափարիչների, թղթյա բաժակների և այլ թղթյա պարագաների, յուղաթղթի և թխուկի թղթի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Տավուշի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 250 մլն դրամի ներդրում սարքավորումների և այլ հիմնական միջոցների ձեռքբերման, ինչպես նաև 120 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 200 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների (սարքավորումներ և նոր շենք-շինություն) ձեռքբերման և 9․55 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 50 աշխատատեղ՝ 135 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 95-ի՝ 195 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 9․55 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 517 մլն դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատելու որոշում կայացվեց «ՆԵԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերաբերյալ:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կահույքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2016թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 999․9 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 1 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 45աշխատատեղ՝ 187 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 80-ի՝ 359 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 999․9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 52 մլն դրամ:

  • Կիսվել: