շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում միջազգային հանրությանը ստիպել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում միջազգային հանրությանը ստիպել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը վրդովված է 2023թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի (ICJ)՝ ժամանակավոր միջոցների վերաբերյալ պարտավորեցնող որոշման նկատմամբ Ադրբեջանի աղաղակող արհամարհալից վերաբերմունքից. որոշումը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Այս մասին ասվում է Լեմկինի ինստիտուտի տարածած հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ Ադրբեջանը չի կատարել Դատարանի որոշումը, չնայած այն հանգամանքին, որ ընդունել է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ 2021թ. գործով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) ՄՔԴ իրավասությունը և 1996թ. ի վեր հանդիսանում է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կողմ:

«Լեմկինի ինստիտուտը նաև հավասարապես մտահոգված է, որ միջազգային հանրությունը չի կարողանում աջակցություն ցուցաբերել կենսունակ մեխանիզմներով ՄՔԴ-ի որոշումները պարտադրելու հարցում: Միջազգային իրավունքի կամավոր բնույթն այն դարձնում է անկարողունակ, երբ որևէ պետություն որոշում է չկատարել միջազգային տրիբունալների որոշումները: Լեմկինի ինստիտուտը խստորեն հանդես է գալիս այդ որոշումների իրականացման համար ավելի ուժգին մեխանիզմներ գործարկելու օգտին և կարծում է, որ դա բխում է բոլոր պետությունների շահերից»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինստիտուտում կարծում են, որ միջազգային հանրությունը շատ քիչ ջանքեր է գործադրվել՝ ստիպելու Ադրբեջանին ՄՔԴ որոշումից հետո մեկ ամսվա ընթացքում վերացնել շրջափակումը: «Ամենակարևոր հայտարարությունն արեց ՆԱՏՕ-ի նախորդ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որն իր անհանգստությունն արտահայտեց շարունակվող շրջափակման կապակցությամբ և նախազգուշացրեց «մարդասիրական աղետի» մասին, բայց այլ բան չառաջարկեց: ԵՄ միջազգային առաքելությունը, որը պատասխանատու է Լաչինի միջանցքի մոնիտորինգի համար… նույնպես մինչ այժմ ապացուցել է, որ ի վիճակի չէ արդյունավետ կերպով փոխել իրավիճակը, և հրապարակել է միայն հայտարարություններ, թե իրենք իրենց բացահայտումների մասին կզեկուցեն Բրյուսելին։ Հարավային Կովկասում ԵՄ բանագնաց Տոյվո Կլաարը շարունակում է իր ամոթալի ջանքերը՝ երկու կողմերին ուղղված կոչերով»,- ասվում է հայտարարության մեջ։


  • Կիսվել: