երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կառավարության կողմից առաջարկվում է ՀՌՀ նախագահի և անդամի գործակիցները վերանայել ու համամասնորեն բարձրացնել

Կառավարության կողմից առաջարկվում է ՀՌՀ նախագահի և անդամի գործակիցները վերանայել ու համամասնորեն բարձրացնել

Նախագծով առաջարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին համապատասխան: Ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ` ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:

 

Հարցը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 2-ի նիստում:

 

«Ելնելով «Վարձատրության մասին» օրենքով սահմանված սկզբունքներից` այն է, որ վարձատրության քաղաքականությունը պետք է լինի խարսխված արդարության, համադրելի գործակիցների եւ պատասխանատվության ու պարտականություններին համաչափ, Կառավարությունն առաջարկում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ անդամի գործակիցները նույնպես վերանայել եւ համամասնորեն բարձրացնել»,- նշել է Վաչե Քալաշյանը:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ անդամի պարտականություններին ու լիազորություններին, Անկախ պետական մարմինների վարձատրության գործակիցներին, վարձատրության քաղաքականության միասնականությանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է` ինչպիսի՞ն է Անկախ մարմինների վարձատրության սկզբունքը, ո՞ր կոլեգիալ մարմինն է ամենաբարձրը վարձատրվում, եւ արդյո՞ք կան վարձատրության անհամապատասխանություններ գործող մարմիններում: «Մենք ունենք 6 անկախ պետական մարմին, որոնցից վարձատրության ամենաբարձր գործակիցը ԲԴԽ նախագահինն ու անդամինն է»,- պատասխանել է Վաչե Քալաշյանը:

«Պետք է հարգվի Սահմանադրական կարգավիճակը, ինչից ելնելով էլ` պետք է կատարվի ներկայացված փոփոխությունը»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը` հավելելով, որ Անկախ մարմինների գործառույթների մեջ չպետք է լինի հսկայական անջրպետ:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը նշել է, որ հետագա մասնագիտական քննարկումներում վարձատրության բարեփոխումների շրջանակներում անհրաժեշտ է անդրադառնալ վիճահարույց խզվածքներին եւ հաղթահարել որոշակի աղավաղումները: «Կառավարության կողմից հաստատված բարեփոխումների ռազմավարությամբ դա նույնպես նախատեսված է, եւ մինչեւ 2026 թվականը մենք հանձնառություն ունենք իրականացնելու այդ բարեփոխումը»,- ասել է Վաչե Քալաշյանը:

 

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: