երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ինչքան շատ է երեխաների թիվը, այնքան մեծանալու է ֆինանսավորման չափը». Կառավարությունը մտադիր է նպաստները դարձնել առավել հասցեական

«Ինչքան շատ է երեխաների թիվը, այնքան մեծանալու է ֆինանսավորման չափը». Կառավարությունը մտադիր է նպաստները դարձնել առավել հասցեական

Հայաստանի կառավարություն աղքատության հաղթահարման համակարգի փոփոխություն է մտադիր իրականացնել՝ հասցեական դարձնելով պետական աջակցությունը:

«Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է պետական աջակցության կարիք ունեցող մարդկանց որոշման ձևին, այսինքն՝ պետք է որոշել որ քաղաքացին ինչ աջակցության կարիք ունի», այսօր այդ մասին «Հոդված 3» ակումբում քննարկման ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով, ընտանեական և սոցիալական նպաստների գործող համակարգը փորձագիտական համակարգի վրա հիմնված մոտեցում է ու ունի խնդիրներ և «չափից դուրս խճճված է»: Գործող համակարգը, ըստ փոխնախարարի, այնպիսին է, որ մարդուն հատկացվում է պետական աջակցություն, բայց այն այնքան քիչ է, որ չի կարող փոխել մարդու կենսամակարդակը:

«Նպաստի բազային չափը 18 հազար դրամ է, միջին նպաստը 30-31 հազար դրամ է, և ես չեմ կարծում, որ այս գումարի միջոցով որևէ ընտանիք կարող է հաղթահարել աղքատությունը: Սա ստեղծել է մի իրավիճակ, որ մենք ունենք ընտանիքներ, որոնք մնում են նպաստի համակարգում, այդ ընթացքում նրանց կենսամակարդակում էական որևէ փոփոխություն չի արվում: Միաժամանակ, պետությունը շարունակում է այս նպատակի համար հատկացնել ահռելի միջոցներ», -ասաց Անդրեասյանը՝ ընդգծելով, որ առաջարկվող փոփոխությամբ փորձելու են ավելի հասցեական դարձնել պետության կողմից տրվող աջակցությունը: Փոխնախարարի խոսքով, նոր համակարգով անապահովության գնահատումը կատարելիս պետք է հիմնվել մարդու և ընտանիքի եկամուտների չափի վրա:

«Որպես պետության քաղաքականություն պետք է որդեգրենք նվազագույն երաշխավորված եկամտի չափը և պետական աջակցությունը հասկանանք իբրև նվազագույն երաշխավորված եկամտից ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին պակաս մասը փոխհատուցվող աջակցություն: Սա նշանակում է՝ մի քանի գործոններով առաջարկում ենք չափել անձի եկամուտը և հաշվի առնել նաև ֆինանսական աջակցության տրամադրման համար երկու հիմնական գործոն՝ զբաղվածության և ժողովրդագրական ներուժը», -ներկայացրեց Անդրեասյանը:

Նա ասաց, որ նոր համակարգի շրջանակներում հաշվի են առնելու ընտանիքի ներսում զբաղվածության հնարավորությունը, և կառավարությունը առանցքային է համարում մարդկանց օգնել գտնել մասնագիտություն և մասնագիտական որակավորում ստանալու հարցը: Իսկ մյուս՝ ժողովրդական ներուժի գնահատման դեպքում, ըստ պաշտոնյայի, հաշվառվելու են ընտանիքում երեխաների թիվը և ինչքան շատ է երեխաների թիվը, այնքան մեծանալու է ֆինանսավորման չափը:

  • Կիսվել: