շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինչպիսին կլինի Նուբարաշենի փոխարեն կառուցվող աղբավայրը. մանրամասներ քաղաքապետարանից

Ինչպիսին կլինի Նուբարաշենի փոխարեն կառուցվող աղբավայրը. մանրամասներ քաղաքապետարանից

Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում մշակվել են Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման նախագծերը, որոնք առաջիկայում իրականություն կդառնան։ Փոխարենը Երևանում կկառուցվի նոր սանիտարական աղբավայր։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
 
Քաղաքային իշխանությունները կարծում են, որ դա կլուծի Երևանի բնակչության բնապահպանական խնդիրները, նվազագույնի կհասնի շրջակա միջավայրին հասցվող վնասն ու տարածքի աղտոտումը, ինչպես նաև պնդում են, որ նոր աղբավայրը հիմնովին կտարբերվի ներկայիս աղբավայրից։
 
«Երևանի նոր սանիտարական աղբավայրում նախատեսվում է կառուցել և իրականացնել ադմինիստրատիվ շենք-շինություններ և ենթակառուցվածքներ, աղբի տեղադրման համար երկու բջիջներ,աղբից առաջացող հոսքաջրերի հեռացման համակարգ, աղբից առաջացող հոսքաջրերի մաքրման կայան, անձրևաջրերի հեռացման համակարգ, էլեկտրաէներգիայի ստացման համար անհրաժեշտ գեներատոր»,–հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Իշխանությունները ձեռք կբերեն նաև աղբավայրի շահագործման համար տեղնիկա` տոփանիչ, բուլդոզեր, ինքնաթափ և այլն, իսկ աղբավայրի տարածքն ամբողջությամբ կցանկապատվի։
 
Ինչ վերաբերում է Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման նախագծերին, ապա թափոնների հիմնազանգվածը վերաձևավորվելու է, հեղեղաջրերի կառավարման աշխատանքներ են իրականացվելու (առվակներ և խողովակներ), մշտական մուտքի ճանապարհ և ներքին խճաքարային ճանապարհներ են կառուցվելու, խոտեր ու թփեր են տնկվելու, ինչպես նաև ցանկապատվելու են բոլոր գոտիները։
Բացի այդ, Երևանում այժմ իրականացվում է աղբի տեսակավորման պիլոտային ծրագիր, որի շրջանակում քաղաքում 135 հասցեներում տեղադրվել են տեսակավորման թափոնամաններ (ապակու, պլաստիկի, ստվարաթղթի)։
Բացի ապակու, թղթի, պլաստիկի տեսակավորված հավաքից, իրականացվելու է նաև ալյումինե և մետաղյա թափոնների հավաք, այսինքն տեսակավորման 4 թափոնաման է տեղադրվելու ամեն հասցեում և տեսակավորման հասցեները ավելացվելու են 200-ով։ Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակներում մատակարարվել է 1200 թափոնաման:
 

  • Կիսվել: