ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ-ն միանում է պացիենտների իրավունքների պաշտպանությանն ուղղված ԵԽ կոնվենցիային

ՀՀ-ն միանում է պացիենտների իրավունքների պաշտպանությանն ուղղված ԵԽ կոնվենցիային

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիային, որը կոչում են նաեւ Օվիեդոյի կոնվենցիա:

Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիան միակ  իրավական պարտադիր ուժ ունեցող միջազգային գործիքն է, որը կիրառելի օրենսդրական շրջանակ է սահմանում և՛ ամենօրյա բժշկական պրակտիկայի, և՛ կենսաբժշկության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման համար:

Հայաստանի կողմից այս կոնվենցիայի վավերացումը կվերահաստատի Հայաստանի հանձնառությունը մարդու իրավունքները առողջապահության ոլորտում պաշտպանելու տեսանկյունից։

Կոնվենցիան սահմանում է կարգավորումներ այնպիսի կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են` պացիենտի իրազեկված համաձայնությունը ցանկացած բժշկական միջամտության համար, բժշկական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, ֆինանսական շահի արգելքը օրգանների և/կամ հյուսվածքների փոխպատվաստման ընթացքում, գենետիկ ժառանգության պահպանումը, վերարտադրողական առողջության պահպանման ոլորտում էթիկական ասպեկտների պահպանումը, պտղի սեռի խտրական ընտրության արգելքը և այլն։

ՀՀ կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը ԵԽ կողմից կդիտարկվի դրական քայլ և առաջընթաց ՀՀ կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից:

  • Կիսվել: