ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հեղափոխությոյունից առաջ և հետո Հայաստանի տնտեսության կարևոր նվաճումներից է ազգային տարադրամի կայունությունը․ Մանասերյան

Հեղափոխությոյունից առաջ և հետո Հայաստանի տնտեսության կարևոր նվաճումներից է ազգային տարադրամի կայունությունը․ Մանասերյան

2018 թ. մայիսից մինչև 2019 թ. նոյեմբերի 29 Հայաստանում ստեղծվեց կամ «ստվերից» հանվեց 81 534 աշխատատեղ: Ուսուցիչների և զինվորականների աշխատավարձը ավելացավ 10 տոկոսով, 24 մլն դրամի շրջանառությունը չգերազանցող փոքր ձեռնարկություններն ազատվեցին եկամտահարկից և շրջանառության հարկից, մասնավոր տաքսիի վարորդները նույպես ազատվեցին հարկից, 2020 թ. հունվարից երկրում նվազագույն աշխատավարձը բարձրացավ 55 000-ից 68 000 դրամ: Այս մասին այսօր կայացած ասուլիսում նշեց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։  

Չնայած դրան, նշեց նա, Սփյուռքը դեռևս ակտիվորեն չի մասնակցում Հայաստանի տնտեսական բարեփոխումներին, ՀՀ Սփյուռքի նախարարությունը լուծարվեց, երկրում դեռևս պահպանվում են նախկին իշխանություններից ժառանգած Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրները ներդրողների հետ, գիտության համակարգը գտնվում է ծանր վիճակում և դրա վերափոխման որևէ ծրագիր չկա, պետական կառավարման համակարգում լայն տարածում է գտել պետական բյուջեի հաշվին պաշտոնյաների խոշոր չափերով պարգևատրման համակարգը, բռնի կերպով միավորվում են համայնքներն ու գյուղերը:

«Այս պայմաններում Հայաստանի տնտեսական ակտիվության աճը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո հասավ ռեկորդային 7.8% մակարդակի: Ընդ որումՙ դեկտեմբերին տնտեսական ակտիվության աճը 2018 թ. համադրելի շրջանի համեմատ կազմեց 10.7%: Ավելի լավ ցուցանիշներ են արձանագրված ծառայությունների ոլորտում: Տրանսպորտի ոլորտում բեռնափոխադրումների ծավալը անցյալ տարվա համեմատ աճել է 25 տոկոսով: Ինչ վերաբերում է արդյունաբերական արտադրությանը՝ դրա աճի տեմպերը կրկնապատկվել են, կազմելով 9%, մասնավորապես, Թեղուտի հանքավայրում լեռնահանքային աշխատանքների վերսկսման հաշվին: Հարկ է նշել, որ մշակող արդյունաբերությունը աճել է 7.6 տ.կ. (կազմելով 10%): Շինարարության աճը կազմել է 4.5%, ինչը նույնպես արտացոլում է տնտեսության աշխուժացման միտումը: Միակ բնագավառը, որտեղ տեղի է ունեցել 4 տոկոսանոց անկում՝ գյուղատնտեսական արտադրանքն է[1]:

Հեղափոխությոյունից առաջ և հետո Հայաստանի տնտեսության կարևոր նվաճումներից է ազգային տարադրամի կայունությունը և դրա հետ կապված վստահությունը երկրի բանկային և ընդհանրապես ֆինանսական համակարգի հանդեպ: Օրինակ, նախորդ տարվա համեմատ 2019 թ. վարկերն ու դեպոզիտները աճել են համապատասխանաբար 17 ու 21 տոկոսով: Արդյունքում բարելավվել է վարկ-դեպոզիտ հարաբերակցությունը, կազմելով 1.92%: Բացի այդ դրամային պորտֆելի առաջանցիկ աճի պայմաններում նվազելէ վարկերի դոլարիզացիան, կազմելով 2019 թ. ավարտին 51%, 2018-ի 56-ի փոխարեն[2]: 2019 թ. Հայաստանի պետբյուջեով նախատեսված էր 4.9% տնտեսական աճ և 2.7% արժեզրկում: ՀՀ տնտեսության փաստացի աճը զգալիորեն գերազանցեց կանխատեսումը, մինչդեռ արժեզրկումը կազմեց 0.7%, միայն դեկտեմբերին հասնելով 1.3 տոկոսի նոյեմբերի համեմատ, իսկ 2019 թ. հունվար-դեկտեմբերին՝ 1.4 տոկոսի 2018 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ:

Փոխարժեքի դեկտեմբերյան աննշան արժեզրկմանը 2020 թ. հունվարին հետևեց դրամի ամրացում, որը շարունակվեց նաև փետրվարին: Արդեն երկու տարի է, ինչ ՀՀ ԿԲ-ն ոչ թե վաճառում, այլ գնում է օտար տարադրամը բաց շուկաներից: 2018 թ. ապրիլից մինչև 2020 թ. հունվար այդ գումարը հասել է ռեկորդային՝ ավելի քան 500 մլն ամերիկյան դոլար մակարդակի: Ազգային տարադրամը նախանձելիորեն կայուն է ոչ միայն հարևան, այլ և հետխորհրդային երկրների մեծամասնության համեմատ:

Արժեզրկման աճի տեմպերը շարունակում են ցածր մնալ: Նախորդ տարվա համադրելի շրջանի համեմատ 2019 թ. դեկտեմբերին այն կազմեց 0.7%, իսկ 2020 թ. հունվարից էլ ավելի կրճատվեց: Ընդ որում դեկտեմբերին արժեզրկման աճին նպաստեց ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքի 4.6 տոկոսանոց աճը, ինչպես նաև տրանսպորտային ծախսերի ավելացումը 2.3 տոկոսով, իսկ նախորդ տարվա միջին տարեկան արժեզրկումը կազմել էր 1.4 %:

Պետք է նշել, որ փաստացի արժեզրկումը զգալիորեն զիջում է ԿԲ-ի կողմից սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակին (4 ±1.5%), ինչը թույլ տվեց ԿԲ Խորհրդին անփոփոխ թողնել ռեֆինանսավորման դրույքաչափը 5.5% մակարդակին, հաշվի առնելով, որ հնարավոր ավելի ընդլայնված հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել արժեզրկման աճը: Վերջապես, չնայած Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հետ կապված գնաճի ակնկալիքներին (2019 թ. ավարտվեցին երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնյալ տարիֆային պայմանները), 2020 թ. հունվարին գները գործնականում չեն փոխվել և անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արժեզրկումը կազմել է ընդամենը 0.2%:

Առևտրական դեֆիցիտի առումով 2019 թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է ներմուծման 52 և արտահանման 13 տոկոսանոց աճ: Ներմուծման բարձր աճը կապված է առաջին հերթին մինչև մաքսատուրքերի հունվարյան բարձրացումը ավտոմեքենաների ներմուծման ռեկորդային մակարդակի հետ: Ընդհանուր առմամբ անցյալ տարի ներմուծվել է 189 հազ. ավտոմեքենա, ինչը համարյա երեք անգամ (64 հազ) ավել է, քան 2018 թվականին: Բացի այդ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ հանքանյութի և քիմիական արտադրանքի ներմուծումը աճել է համապատասխանաբար 10 և 20 տոկոսով: Հետևաբար, արտահանման հետ համեմատ ներմուծման առաջանցիկ աճի (10.8%) արդյունքում բացասական սալդոն ավելացել է ավելի քան 300 մլն դոլարով: Բացի այդ արտահանման կառուցվածքը բավարար չափով չի դիվերսիֆիկացված. առյուծի բաժինը կազմում է հանքանյութը՝ 28%, քարերը և մետաղները՝ 26% և սննդամթերքը՝ 24%: Արտահանման այլ կարևոր ոլորտներից պետք է նշել տուրիզմը. Օտարազգի տուրիստների քանակի աճը 2019 թ. կազմել է 14.7% (1.9 մլն մարդ): Շարունակվում է նաև չգրանցված ռե-էքսպորտի հետ կապված արտասահմանյան մասնավոր փոխանցումների աճը: Ինչ վերաբերում է Հայաստանից Եվրասիական Միություն արտահանմանը՝ այն աճում է առաջանցիկ տեմպերով: Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ այլ երկրներ աճել է 11 տոկոսով, իսկ երկրի ընդհանուր ցուցանիշը՝ 4.6 տոկոսով: Դեպի Եվրասիական երկրներ արտահանումը տարբերվում է նաև իր կառուցվածքով. հումքը շատ ավելի քիչ է, իսկ պարտրաստի արտադրանքը (կոնյակ, գինի, մրգաբանջարեղենային պահածոներ, հագուստ, պակաս ծավալներով ոսկերչական ապրանքներ) ավելի շատ: Մոտ ապագայում ապրանքների փոխադրումը ԵԱՏՄ այլ հանրապետություններ էլ ավելի դյուրին կդառնա: ԵԱՏՄ երևանյան վերջին գագաթնաժողովում որոշվեց կրճատել ապրանքների տեղափոխման ընթացքում կատարվող ստուգումները, ինչը կբարձրացնի դրանց փոխադրման արագությունը և կնվազեցնի փոխադրման հետ կապված ծախսերը: Հիշեցնենք, 2018 թ. Հայաստանից Ռուսաստան ներմուծումը կազմել էր 654 մլն դոլար, Բելառուս՝ մոտ 12 մլն, Ղազախստան՝ մոտ 10 մլն, Ղրղզստան՝ մոտ 1 մլն: 2015 թ. համեմատ (ՀՀ ԵԱՏՄ անդամակցության 1-ին տարին) արտահանումը դեպի Ռուսաստան աճել է ավելի  քան 400 միլիոն դոլարով, Բելառուս՝ մոտ 9 միլիոնով, Ղազախստան՝ մոտ 6 միլիոնով, իսկ Ղրղզստան՝ ավելի քան 600 հազարով[3]:

Շարունակվում է պետական գանձարանից կապիտալ ծախսերի ավելացմանն ուղղված տնտեսական քաղաքականությունը, որի պատճառով դեկտեմբերյան 40 մլրդ դրամի բյուջեի պրոֆիցիտը տարվա վերջին վերածվեց 71 մլրդ դրամի դեֆիցիտի, որի չափը սակայն չի գերազանցում մինչև 98 մլրդ դրամի սահմանված թույլատրելի մակարդակը: Դա կապված է 5% լրացուցիչ զուտ հարկերը՝ բացարձակ արտահայտությամբ 42 մլրդ դրամ կազմակերպություններին նախորդ հարկային պարտավորությունները վերադարձնելու, ինչպես նաև կապիտալ ծախսերը 15 տոկոսով թերակատարելու հետ: Բացի այդ, կապիտալ ծախսերի դեկտեմբերյան ավելացումը կապված է նոր զինտեխնիկայի ձեռքբերման հետ: Իջել է պետական պարտքի վճարման հետ կապված ռիսկը, որի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ պետության պարտքի մասով կազմել է մոտ 50%:

Նշված դրական արդյունքները երկրի տնտեսական ցուցանիշների բարելավման հույս են ներշնչում ոչ միայն նախորդ տարիների, այլ նաև հարևան երկրների հետ համեմատությամբ: Մասնավորապես, կանխատեսվում է, որ 2020 թ. Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 5.1 տոկոսով, Ադրբեջանինը՝ 2.3, Վրաստանինը՝4.3, իսկ Թուրքիայինը՝ 3 տոկոսով: Ընդ որում Իրանը զրոյական աճ կունենա: Այլ կերպ ասած, 2020 թ. ՀՆԱ-ի աճով Հայաստանն կշրջանցի Վրաստանին, Թուրքիային, Ադրբեջանին և Իրանին: Ինչ վերբերում է մեկ շնչին հասնող ՀՆԱ-ին, 2019 թ. Հայաստանն արդեն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին կհասնի Ադրբեջանի ցուցանիշին[4]:

Այս ամենը, մեր համոզմամբ, ոչ միայն դրական ներտնտեսական միտումների, այլ և արտաքին գործոնների արդյունք է, որոնց թվում պետք է հատուկ ընդգծել Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը և նախագահությունը: Վերջինս նշանավորվեց միանգամից մի քանի իրադարձություններով, որոնցից կարևորվում են հիմնականները: Առաջին հերթին, դա ԵԱՏՄ թվայնացման օրակարգի առաջխաղացմանը վերաբերող Հայաստանի նախաձեռնությունն է, որը լիովին համահունչ է նախագահող երկրի տնտեսական առաջնահերթույունների և դրանց առավել լիակատար իրականացման հետ: ԵԱՏՄ արտաքին կապերի դիվերսիֆիկացիան ենթադրում էր արևտրատնտեսական կապերի զարգացում մասնավորապես Իրանի, Չինասատանի և Եգիպտոսի հետ: 2019 թ. արդյունքներով հաջողվեց էականորեն առաջ մղել ԵԱՏՄ «թվայնացման օրակարգը»[5], որը կոչված է դառնալու գլխավոր գործիքակազմ բյուրոկրատական պատնեշների և կոնտրաֆակտի հետ պայքարում: Այս ոլորտում Հայասատանն ունի որոշակի դրական փորձ. ակտիվորեն զարգանում է թվային բանկինգը, որոշ խոշոր վարկային կազմակերպություններ ներդրել են ավտոմատացված սքորինգային (թվային վիճակագրական մեթոդների վրա հենված) վարկավորման համակարգ ֆիզիկական անձանց ու փոքր բիզնեսի համար: Զարգանում է ոչ-կոնտակտային վճարումների համակարգը սմարթֆոնների միջոցով գնումներ կատարելու և բանկային հաշվի դիստանցիոն բացման հնարավորություններով; ընդլայնվում են մոբայլ բանկային կիրառական ծրագրերի հնարավորությունները, զգալիորեն կրճատելով քաղաքացիների և ձեռնարկությունների օպերացիոն ծախսերը: Որոշ ուղղություններով լրացուցիչ ջանքեր են հարկավոր: Այսպես, ապրանքների և բեռների տրանզիտի միասնական սկզբունքների ներդրումը դեմ է առնում տեխնիկական խոչընդոտների՝ օպերատորի սուբյեկտությանը, տվյալների բազայի պահպանման վայրին ու պայմաններին, այնպես որ այստեղ դեռ շատ անելիք կա:

ԵԱՏՄ անդամակցության լույսի ներքո Հայաստանի համար մեկ այլ կարևոր իրադարձություն դարձավ 2019 թ. դեկտեմբերին «կենսաթոշակային» համաձայնագրի ստորագրումը Ս. Պետերբուրգի ոչ-ֆորմալ գագաթնաժողովում: Միասնական կենսաթոշակային շուկան ենթադրում է, որ թոշակ ստանալու ժամանակ ԵԱՏՄ մտնող երկրների քաղաքացիների ստաժը հաշվի կառնվի: Վճարումները կկատարվեն նաև մասնակից-երկրների թոշակային համակարգերից: Նոր համակարգը թույլ կտա հաշվի առնել այլ երկրում կատարած աշխատանքի ժամանակը և ներառել այն թոշակային ստաժի մեջ, ստանալ վճարներ այլ թոշակային համակարգերից, ընդ որում միջոցները կարող են կամ արտահանվել մշտական բնակության երկիր, կամ, պայմանագրի համաձայն, ստացվել այլ երկրներում, ինչը կհանգեցնի քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության և սոցիալական արդարության ավելի բարձր մակարդակի: Սա նշանակում է, որ հարյուր հազարավոր հայ աշխատանքային միգրանտները, որոնք աշխատում են նախ և առաջ Ռոսաստանում, ինչպես նաև Ղազախստանում ու Բելառուսում, կարող են աշխատել առանց ավելորդ բյուրոկրատական քաշքշուկի:

Էական իրադարձություն դարձավ նաև Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ռեկորդը, որը 2019 թ. արդյունքներով գերազանցեց 2 մլրդ դոլարը: Ռուսաստանը շարունակում է առաջնորդել Հայաստանի առևտրային գործընկերների ցանկը: Այդ ցուցանիշի նվաճումը շատ առումներով կապված է ԵԱՏՄ անդամակցության և Ռուսաստանի հետ ու նրա միջոցով նաև միավորման այլ երկրների հետ առանց մաքսատուրքերի առևտուր անելու հետ: Անշուշտ այս ցուցանիշը գերազանցելու ամեն հնարավորություն կա, արտահանումը ԵԱՏՄ այլ երկրներ բարձրացնելու միջոցով, հատկապես, եթե ապահով լուծվի Հայաստանի կոմունիկացիոն մեկուսացման հիմնահարցը: Ավելին, ԵԱՏՄ-ի միջոցով Հայաստանը հավակնում է կրկին արդյունաբերական երկիր դառնալու[10]:

2019 թ. ԵԱՏՄ ստեղծման և միավորման մեջ երկրի մասնակցության հինգերորդ տարելիցն էր և այդ ժամանակը բավարար է նախնական գնահատական տալու համար: ԵՏՀ Ինտեգրացիայի և մակրոտնտեսության նախարար, ՌԳԱ ակադեմիկոս Սերգեյ Գլազյևը, մասնավորապես, համեմատեց Հայաստանի և Ուկրաինայի տնտեսական ցուցանիշները վերջին հինգ տարում, որի ընթացքում  Հայաստանի արդյունաբերական արտադրանքը աճել է 57 տոկոսով, մինչդեռ Ուկրաինայում ընկել է 22 տոկոսով: Հայաստանի ներդրումներն աճել են  57 տոկոսով, Ուկրաինայում ընկել մեկ քառորդով: Հայաստանի արտահանումն աճել է 67 տոկոսով, Ուկրաինայում ընկել մեկ երրորդով[11]:

Վերոհիշյալի օգտին վկայում են նաև այլ ցուցանիշները և ԱՄՀ-ի տվյալները երկու երկրներում մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի վերաբերյալ: 2020 թ. կանխատեսման համաձայն այդ ցուցանիշը կկազմի 4670 դոլար, մինչդեռ Ուկրաինայում՝ 3880 դոլար: Հարկ է նկատել, որ երկու երկրների ռեսուրսային և դեմոգրաֆիական հնարավորությունները անհամադրելի են, բացի այդ ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանի չորս սահմաններից երկուսը շրջափակված են հարևանների կողմից: Կան նաև ԱՄՆ ԿՀԳ-ի տվյալներ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի վերաբերյալ՝ ըստ 2017 թ. երկու երկրների պարիտետային գնողունակության (Ուկրաինա – 8 800, Հայաստան – 9 500 դոլար):

Առկա են նաև այլ նվաճումներ, որոնք էական նշանակություն ունեն ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության համար: Կան և չլուծված խնդիրներ, որոնցից առանցքայինը մնում է տրանսպորտային խնդիրը, և, մասնավորապես, Վերին Լարսի միջանցքի գործարկման հետ կապված խնդիրները: Սակայն այդ խնդիրները ոչ մի կերպ չեն կարող գերակշռել Հայաստանի ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացման և անդամակցության օգտին խոսող կռվանները: Այսպիսի տարածաշրջանային ինտեգրացիան այլընտրանք չունի:

Նշենք, որ Եվրասիական փորձագիտական ակումբը արդեն հինգերորդ անգամ ամփոփել է Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: