երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀԴՄ-ների ներմուծման ազատականացումը խնդիրներ է առաջացրել Հայաստանում. վարչապետ

ՀԴՄ-ների ներմուծման ազատականացումը խնդիրներ է առաջացրել Հայաստանում. վարչապետ

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։  

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ները պետք է ունենան պոստ տերմինալի ֆունկցիա:

Նա նշեց, որ առաջարկում են սահմանել՝ եթե բոլոր մնացած տեխնիկական պահանջները բավարարված են, այսինքն՝ ՀԴՄ սարքը համապատասխանում է տեխնիկական պահանջներին,  ապա պայման են դնում, որ 6 ամսվա ընթացքում այդ պոստ տերմինայի ֆունկցիան պետք է ևս ակտիվացվի:

«Սրանով հնարավորություն կտանք, որ ոլորտի ազատականացման գործընթացում ներգրավված տնտեսվարողները օր առաջ գործունեություն ծավալեն»,- ասաց նա։  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ ՀԴՄ-ների ներմուծման ազատականացումը խնդիրներ է առաջացրել Հայաստանում։

«Երկար տարիներ Հայաստանում քննարկվում էր, որ ՀԴՄ-ների ներմուծման ոլորտում պետական մենաշնորհ չպետք է լինի, մենք շուկան ազատականացրեցինք, ինչի արդյունքում առաջացավ ՀԴՄ-ների դեֆիցիտ: Պահանջարկն ավելացավ, կապված նաև նրա հետ, որ գներն իջեցրինք»,- ասաց վարչապետը։  

ՊԵԿ նախագահն էլ հայտնեց, որ այս պահին ՊՈԱԿ-ում առկա է 100-110 ՀԴՄ, բայց հայտերի քանակը 10 հազարից ավելի է։

 

  • Կիսվել: